15.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հնդկաստան
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս պատշաճ լուծել երեխայի իրավունքներին առնչվող խնդիրները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 11-ին կազմակերպվել են խորհրդարանական լսումներ:


ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանությանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ կրթության ոլորտում ծրագրերն ու քաղաքականությունն իրականացվում են կրթության ռազմավարության հիման վրա, որով պլանավորված են մինչեւ 2030 թվականի գործողություններն ու անելիքները: Դրանք հիմնված են երեք հիմնական սկզբունքների վրա` ապահովել ներառական որակյալ եւ հասանելի կրթություն, բարձրացնել կրթության եւ համակարգի գործունեության արդյունավետությունը: «Այս սկզբունքների վրա հիմնվելով` կրթական բոլոր մակարդակներում իրականացվում են գործընթացներ, որոնք ուղղակիորեն առնչվում են երեխայի պաշտպանության հետ»,- նշել է զեկուցողը` մանրամասնելով ծրագրերը:


Փոխնախարարը պատասխանել է լսումների մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են արտերկրում կրթություն ստանալու` հայաստանցի երեխաների ցանկությանը, ԼՂ-ից տեղահանված երեխաների եւ ուսանողների կրթության իրավունքին ԼՂ-ում, քաղաքական գործընթացներին երեխաների մասնակցությանը, ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների իրավունքներին եւ այլն:


«ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեին այլընտրանքային զեկույց է ներկայացրել նաեւ ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդը: Երեխաներն ինձ հետ մեկնել են Ժնեւ եւ իրենց տեսանկյունից ներկայացրել Հայաստանում առկա խնդիրները, ինչը չափազանց կարեւոր հանգամանք եմ համարում»,- այս մասին հատուկ ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:


ՄԻՊ-ն անդրադարձել է երեխաների իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների, որոնք ներկայացվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակում: Դրանց շարքում են երեխաների նկատմամբ բռնության խնդիրները, առաջին հերթին դրանց հասցեավորման, բռնությունը կանխարգելելու եւ երեխայի նկատմամբ բռնության դեպքերը պատշաճ քննելու հետ կապված հարցերը: Նրա գնահատմամբ իրավասու պետական մարմինները, հատկապես դասավանդման գործընթացում ներգրավված անձինք բռնության դեպքերը կանխարգելելու եւ խնդիրները հասցեավորելու տեսանկյունից պետք է ունենան բավարար հմտություններ:


«Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ուսուցիչները հաճախ չեն տիրապետում անհրաժեշտ մասնագիտական հմտություններին, որոնք պահանջվում են այս երեւույթները կանխարգելելու համար»,- արձանագրել է Անահիտ Մանասյանը:


Այնուհետեւ Մարդու իրավունքների պաշտպանը մատնանշել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության խնդիրը, նախադպրոցական իրավունքի երաշխավորման, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ ուղղորդման գործընթացում ավելի հստակ մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովումը: Ըստ նրա` հատուկ ուշադրության պետք է արժանանան տնային կալանքի տակ գտնվող երեխաների կրթության իրացման, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման եւ այլընտրանքային խնամքի կազմակերպման հետ կապված խնդիրները:


Անահիտ Մանասյանը մատնանշել է համապատասխան մարմինների, հատկապես` խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ոչ պատշաճ հմտությունների պատճառով երեխաների պաշտպանության գործառույթը ոչ պատշաճ իրականացնելու հանգամանքը: Նրա խոսքով համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի:


«Շեշտեմ, որ երեխաներն իրականում շատ հաճախ մեզ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են: Հետեւաբար կարեւոր կլինի, որ մենք, իրոք, կարողանանք ոչ միայն համատեղել մեր ջանքերը, այլ նաեւ կարեւոր կլինի, որ յուրաքանչյուրս ունենանք օրինակելի վարքագիծ, ինչը կարող է հետագայում դրական առումով օրինակելի դառնալ նաեւ երեխաների համար»,- ամփոփելով խոսքը` նշել է Անահիտ Մանասյանը:


 

Կարող ենք կառուցել այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն արժանապատիվ
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը