4.12.2024
Թրամփի և Բայդենի օրոք որևէ հանդիպում, հեռախոսազանգ Փաշինյանի հետ տեղի չի ունեցել
prev Նախորդ նորություն

ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են. Ալիևի պահանջն են կատարո՞ւմ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։ Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։ Շուրջ 2 ամիս թափուր է նաեւ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը. Սասուն Բադասյանին պաշտոնից ազատելուց 2 ամիս է անցել, սակայն այն չի համալրվել: Անցած շաբաթ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց` ինչո՞ւ չեն համալրվում, բայց հստակ պատասխան չստացավ։ ՊՆ առանցքային պաշտոնները տեւական ժամանակ թափուր պահելու փաստը հատկապես ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ Ալիեւը խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններից մեկն էլ համարում է Հայաստանի Հանրապետության ապառազմականացումը: Հնարավոր է, որ հենց սրանով է պայմանավորված առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը: Թեպետ չի բացառվում, որ ուղղակի կադրեր չունեն։


«Հրապարակը» գրում է. Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրինք՝ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է։ «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել»: Ինչպե՞ս․ առողջական վիճակո՞վ էլ չեք հետաքրքրվել։ «Խոսացել եմ հետը, ասել եմ՝ ոնց եք զգում, ասել է` լավ եմ, հիմա՝ մարդ եմ, ես էլ խնդիրներ ունեմ, զբաղված եմ` կուսակցական ժողով կա, բան կա, պարապ նստած չեմ»: Իսկ առաջիկայում հավաք, միջոցառում նախատեսվո՞ւմ են։ «Տեղյակ չեմ»։ Մինչդեռ օրեր առաջ ասել էր, որ Սրբազանը հայ համայնքի հետ է հանդիպել, իսկ քաղաքական հանդիպման լուրերը «ստահոդ» էր անվանել։ Դանիելյանը գուցե այդ մեկնաբանության համար նկատողություն է ստացել ու որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ` չխոսել Սրբազանի հանդիպումներից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաեւ բաղձալի է, սակայն նրանց հետ Հայաստան չեն վերադառնալու ռազմաքաղաքական գերիները։ Ռազմաքաղաքական գերիները՝ Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միակն է Ռուբեն Վարդանյանից հետո, ով ունի միջազգային փաստաբան։ Դավիթ Բաբայանի փաստաբանը ամերիկաբնակ հայ Ջաք Հակոբ Բուռնազյանն է։ Իսկ Ռուբեն Վարդանյանը ունի միջազգային հանրության մեծ աջակցությունը, սակայն այդ աջակցությունը, կարծես, մինչ այս պահը որեւէ հաջողության չի հանգեցրել։ Նշենք, որ ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, որ խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլեւս չանել եւ հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին։


«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Բաքվում անմարդկային պայմաններում պահվող գերիներին, նրանց կտտանքների ենթարկելու դեպքերին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանի բանտում ապօրինի կերպով պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր էին ներկայացրել Բաքվում՝ նշելով, որ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել եւ զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։ Վարդանյանի փաստաբաններն ընդգծել են, որ հայցին առնչվող դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին Վարդանյանի հացադուլի ժամանակ տեղի ունեցած խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել եւ երկու օր զրկել են ջրից։ Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։ Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։ Իրենց հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները նաեւ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր ղարաբաղցի հայ գերիներին մինչեւ COP29-ի գագաթնաժողովի մեկնարկը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՞վ է դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀ Գլխավոր դատախազությունում տարածված տեղեկությունները ի մի բերելով, պարզեց, որ հավանական թեկնածուի անունը արդեն կա: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին իշխող ուժը արդարադատության նախարարի մեկ ամսվա փնտրտուքներից հետո ի վերջո կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածության վրա. «Քաղաքացիական պայմանագրի» վարչության՝ հոկտեմբերի 29-ի նիստում Գալյանի թեկնածությունը հաստատվել էր, եւ նա նոյեմբերի 5-ին նշանակվեց նախարար: Գալյանի հեռանալուց հետո Գլխավոր դատախազությունում «առեղծվածային» ազատում եղավ. մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արեւիկ Ավոյանն ազատվեց պաշտոնից։ Հրամանը նոյեմբերի 4-ին ստորագրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ավոյանն ավելի վաղ զբաղեցրել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրա ազատումը պատահական չի եղել:  Գլխավոր դատախազի նախկին օգնականը ցանկություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը համակարգելու: Հավանաբար հենց նա էլ կլինի համակարգողը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի: Այսօր ՀՀ երկրորդ քաղաքի ավագանին նոր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ է հրավիրել: ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու նիստը համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ է հրավիրվում, սակայն քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 27-ին ՔՊ-ի ճնշումների ներքո հրաժարական տվեց, փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն էլ տնային կալանքի տակ է, չկա նիստ հրավիրողը. աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրելու։ Բայց այս պայմաններում, ամեն դեպքում, այսօր արտահերթ նիստ է հրավիրված. այն կկայանա եթե ավագանու 17 անդամ ներկա լինի: Եթե կամ քվորումի բացակայությամբ նիստը չկայանա, կամ կայանա, բայց համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի։ Իշխանությունները հակված են նաեւ Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ: Ինչպես ՔՊ-ն հայտարարել է՝ իր թեկնածուն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է: Կարող ենք արդեն կանխատեսել ՔՊ-ի ծրագիրը. ավագանու միջոցով տապալել համայնքապետի ընտրությունը, որպեսզի Սարուխանյանը նշանակվի ԺՊ»:


«Հրապարակը» գրում է․ Թեեւ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլեւս չխոսել հայտնի լսումներից ու Արգիշտի Քյարամյանին պատժելուց, սակայն ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։ Նրանց կարծիքով, չպետք է Քյարամյանն անպատիժ մնա, քանի որ անհարգալից պահվածք է դրսեւորել խորհրդարանի՝ որպես ինստիտուտի նկատմամբ եւ փողոցային ժարգոնով խոսել դահլիճում նստածների հետ, հրապարակային մեղադրանքներ է հնչեցրել Հովիկ Աղազարյանի հասցեին, թե իբր նա փորձել է որդու գործով հովանավորչություն անել:


Այսինքն՝ ՔԿ ղեկավարն «իմացել, չի հայտնել» մինչեւ լսումները, ինչը նույնպես հանցանք է: Բայց ամենակարեւորը՝ ՔԿ ղեկավարն ԱԺ ամբիոնից հրապարակավ խոստովանել է, որ, լինելով քննչական կառույցի ղեկավար, առաջնորդվել է ոչ թե փաստերով, այլ օրենք է մեկնաբանել։ Խոսքն ԱԱՀ-ն վերադարձնելու վերաբերյալ հայտնի փոփոխության մասին է, որը հնարավորություն է տալիս ավտոներկրողներին Արեւմուտքից ներկրած, ապա Ռուսաստան արտահանած մեքենաների ԱԱՀ-ն հետ ստանալ: Օրենքը, անշուշտ, բաց ունի, որից փորձել են օգտվել որոշ բիզնեսմեններ, բայց դա ո՛չ Քյարամյանի, ո՛չ էլ ՊԵԿ-ի լուծելիք խնդիրն է, այն էլ՝ քրեական գործեր հարուցելու ճանապարհով: Եթե կար բաց, պարտավոր էին դիմել խորհրդարանին եւ առաջարկել հստակեցումներ մտցնել, մինչդեռ Քյարամյանն «առաջնորդվել է սեփական կարծիքով»՝ ասելով. «Մի ինչ-որ փուլում` ՊԵԿ-ի մեր շատ հարգելի գործընկերների հետ միասին որոշվեց, որ պետք է վերջ դրվի, մեր տեսանկյունից՝ պետության նկատմամբ խայտառակ վերաբերմունքին․․․»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կոռուպցիոն գործից «մաքրելու» համար: 


«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հետեւյալ հարցադրումներով.
– ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու գործով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մեղադրանք է առաջադրված քաղաքացի Աշոտի նկատմամբ: Ինչո՞ւ է մինչ օրս ենթադրյալ կաշառք վերցնողը՝ Հովիկ Աղազարյանը, որպես վկա ներգրավված գործում:


– Ե՞րբ եք պատրաստվում ՀՀ Ազգային ժողով մտնել՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցով:


– Եթե գործը վերոնշյալ ելքը չի ունենալու, ապա կա՞ն արդյոք նախադրյալներ, իրավական հիմնավորումներ՝ Աղազարյանի վերաբերյալ գործը կարճելու համար:


Այս պարզ, տրամաբանական հարցադրումներին պատասխանելու համար ՀՀ Գլխավոր դատախազությունը 30 օր ժամանակ է խնդրել: Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում»:


«Հրապարակը» գրում է․ Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ աղմկահարույց դրույթներ, մեր տեղեկություններով, արժանացել են նաեւ օտարերկրյա որոշ դեսպանների ուշադրությանը, որոնք թեպետ անվերապահ աջակցում են Փաշինյանին, սակայն որոշ շրջանակներում կարծիք են հայտնել, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են։ Խոսքը քվեարկությունից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, արտակարգ դրություն հայտարարելու եւ դրա hիման վրա ընտրական գործընթացը չեղարկելու` նոր քվեարկություն նշանակելու մասին է, որի իրավունքը, ըստ նախագծի, ստանում է գործող վարչապետը։


«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է թեկնածուներ առաջադրելու ժամկետի սկսվելուց հետո մինչեւ քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու․․․ պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»,- ասված է նախագծում: Սա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստվում է ցմահ իշխել եւ սրանով ապահովագրում է իր իշխանությունը, որպեսզի եթե քվեարկության արդյունքում չվերընտրվի, ինչ-ինչ պատրվակներով արտակարգ դրություն հայտարարի ու նոր քվեարկություն անցկացնի։ Նշենք, որ ԱԺ-ում այսօր լսումներ կանցկացվեն ԸՕ փոփոխությունների թեմայով։