22.11.2024
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահարթ նիստ է հրավիրել
prev Նախորդ նորություն

Հայաստանում դեղորայքի շուկան շատ բարդ վիճակում է գտնվում

Ի՞նչ դեղորայք է բաժին հասնում հայ սպառողին, ի՞նչ դեղորայքի սպառման հնարավորությունից է նա զրկված և ի՞նչ հաճախ հանդիպող խախտումներ կան դեղատներում, ինչպե՞ս է ստուգվում Հայաստանում իրացվող դեղերի որակը։ Այս և այլ հարցեր քննարկվել են «Իրազեկ սպառող» հաղորդաշարի ընթացքում:

Մասնավորապես, հաղորդման հյուր Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 7-8 հազար անվանում դեղ, մինչդեռ մեր երկրում գրանցված է մոտ 3000-ը, իսկ իրացվում է 2000-ից էլ պակաս։ Նա համեմատեց իրավիճակը հարևան Վրաստանի հետ, որտեղ գրանցված է 11 000 անվանում դեղ։
«Պատճառը Առողջապահության նախարարության կողմից վարվող սխալ քաղաքականությունն է։ Ինչպես գների բարձր լինելը, այնպես էլ չգրանցված դեղերի վաճառքը պայմանավորված է հենց այդ դեֆիցիտով», -ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում դեղերը ներմուծվում են հիմնականում փաստաթղթային ուսումնասիրությամբ, նախարարությունն էլ տարօրինակ կերպով խուսափում է տեղեկություն տրամադրել լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ։

«Եվ ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի բուժվողների 30, նույնիսկ 40 տոկոսն օգտվում է Վրաստանի դեղերի շուկայից»,- ասաց Խաչատրյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նշեց, որ բացի ներմուծման խնդիրներից, խախտումները շատ են նաև դեղատներում, թեև շեշտեց՝ ներմուծման խնդիրները չեն կարող արդարացնել դեղատների չարաշահումները։

«Գները տարածաշրջանում ամենաբարձրը Հայաստանում են, և սա այն դեպքում, որ Հայաստանում ակնհայտորեն խնդիրներ ունենք նաև դեղերի որակի հետ կապված: Այդ իսկ պատճառով մեր քաղաքացիները ստիպված ձեռք են բերում դեղորայք ոչ միայն Վրաստանից, այլև այլ երկրներից, քանի որ խոսքը ոչ միայն գնի, այլև դեղորայքի ազդեցության մասին է”,- ասաց Պիպոյանը:

Բերեց նաև տվյալներ իր ՀԿ-ի ուսումնասիրություններից, որոնց համաձայն՝ Հայաստանում 2023 թվականին արձանագրվել է 25, իսկ 2024 թվականին՝ 12 ժամկետանց դեղի իրացում։ Ընդ որում, ավելացրեց նա, այս խնդիրը շատ է հանդիպում այսպես կոչված հատիկով դեղ վաճառելու պրակտիկան կիրառող դեղատների մոտ (փաստացի՝ բոլորի), և սա նաև բարոյականության խնդիր է:

Բացի այդ, 2023 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 46, իսկ 2024 թվականին՝ 23 դեպք արձանագրվել, երբ իրացվել են չգրանցված, որակի պահանջներին չհամապատասխանող և կեղծ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքեր։ Դեղատներում իրականացված 61 ստուգման արդյունքում միայն 2-ում խախտումներ չեն արձանագրվել։

«Հայաստաում դեղորայքի շուկան շատ բարդ վիճակում է գտնվում»,- հավելեց Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը: