21.11.2024
Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն
prev Նախորդ նորություն

Սյունիքում տրամադրվելիք վարկային միջոցներով կկառուցվի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը:


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով փաստաթուղթը ՀՀ-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին:


Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաեւ 2 մլն եվրո դրամաշնորհ:


Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի` կենտրոնի առկայությունը կնպաստի ապրանքների մաքսազերծման բացթողնման ժամանակահատված կրճատմանը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը:


«Ներկայումս Սյունիքի մարզում գործում են երկու ժամանակավոր պահեստներ, նաեւ` Սիսիան քաղաքի մոտ տեղակայված մաքսատունը»,- ընդգծել է զեկուցողը:


Ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ` Աշոտ Մուրադյանը փաստել է` 2022 թվականին Հարավային մաքսատուն վարչությունում հայտարարագրվել է 373 հազար տոննա բեռ, 2023-ին` 569 հազար տոննա, իսկ 2024-ին` ավելի քան 650 հազար տոննա:


Նախագծով նախատեսվում է նաեւ ՀՀ կառավարության կողմից 2,4 մլն եվրոյի չափով համաֆինանսավորում: Այն ուղղվելու է ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների վճարմանը:


Հարցը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:


Հանձնաժողովը նաեւ քննարկել ու հավանության է արժանացրել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: