21.11.2024
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարարին, հաջողություն մաղթեց նորանշանակին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ղազախստանը հեշտացնում են քաղաքացիների պետության տարածքում գտնվելու կարգը

«ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելության եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում. տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում քննարկման ներկայացվելով համաձայնագրի վավերացման մասին հարցը:


Փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու կարգը: Երկու պետությունների քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ եւ տարանցմամբ անցնել, տեղաշարժվել եւ մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչեւ 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից, վավերական ճամփորդական փաստաթղթերից մեկի հիման վրա:


Փոխնախարարը նշել է, որ համաձայնագրով մի կողմի պետության տարածքում ժամանակավոր գտնվող՝ մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտավորությունից:


Համաձայնագիրը չի սահմանափակում կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժելու մյուս կողմի պետության այն քաղաքացիների մուտքը կամ ձեռնարկելու նրանց վերադարձնելու միջոցները, որոնց ներկայությունն իրենց պետության տարածքում ցանկալի չէ:


Մնացական Սաֆարյանը նաեւ տեղեկացրել է, որ տվյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 2006 թվականի նոյեմբերի 6-ի ՀՀ եւ Ղազախստանի կառավարությունների ստորագրած՝ քաղաքացիների փոխադարձ այցելություններին վերաբերող համաձայնագրի գործողությունը:


Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է, որ կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու համաձայնագիրը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է: Նա տեղեկացրել է, որ համապատասխան պետական մարմինները քննարկել եւ համաձայնագրի վերաբերյալ խնդրահարույց դրույթներ չեն հայտնաբերել:


Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն առաջարկվել է ընդգրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: