11.09.2026
Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքների պատվիրակությունը այցելել է Սյունիք. Դըկոտինյի
prev Նախորդ նորություն

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարարին, հաջողություն մաղթեց նորանշանակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:


Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական բարեփոխումները և այլն:


«Պիտի ընդգծեմ նաև և հատուկ գնահատանքի խոսքեր ասեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից պրոցեսի իրավական ուղեկցման համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խոսքով, ըստ էության, վերջին տարիներին, մեծամասամբ՝ պարոն Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտի, դատաիրավական համակարգի կողմից Կառավարությունից ունեցած ակնկալիքների մեծ մասը բավարարվել է, որոնք իրենց ծավալներով և ձևով աննախադեպ են եղել: «Թերևս եկել է ժամանակը, կամ անցել է, գուցե շատերի ընկալմամբ, հանրային ընկալմամբ, որ այդ բոլոր գործողությունները տան արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Այս համատեքստում երկրի ղեկավարը նաև ընդգծել է. «Ես ինքս էլ ինձ, բնականաբար, հարց եմ տալիս, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան փոփոխություններ, ներդրումներ ենք անում, բայց այնուամենայնիվ, այդ զգացումը, ակնկալիքները և ինստիտուցիոնալ վստահությունը բավարար մակարդակի վրա չէ: Պիտի անկեղծ ասեմ, որ դրա պատճառներից մեկը, իմ ընկալմամբ, հետևյալն է. մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն: Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը: Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության»:


Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առանց ինստիտուցիոնալ արդարության և արդարադատության ներդրման և կայացման, երկրի զարգացումը պարզապես հնարավոր չէ: Այս համատեքստում վարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: «Նա համակարգում նոր մարդ չէ և ժամանակին Արդարադատության նախարարությունում արդեն աշխատել է, և իհարկե Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ուղիղ առնչություն ունեցել է այն օրակարգերի հետ, որոնց մասին քիչ առաջ խոսեցի»,-ասել է Վարչապետը և հավելել, որ այս բոլոր իրադրությունների վերլուծությամբ նորանշանակ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս օրակարգերի շուրջ պետք է արտակարգ ռեժիմով աշխատել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ինտենսիվ կերպով հասկանալ պատճառահետևանքային կապերը: «Այս առումով, հույս ունեմ, որ տիկին Գալյանի պաշտոնավարման ընթացքում Կառավարությունն ի վիճակի կլինի այս խնդիրներն ավելի խորքային և համապարփակ հասցեագրել կամ շարունակել, որովհետև մենք դեռ չգիտենք, հնարավոր է, որ մեր այդ նպատակին հինգ պակաս վիճակում ենք կամ գուցե թե մի վերջին ջանք է պահանջվում այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և բարձր գնահատականի համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արդարադատության նախարարությանն այս տարիների ընթացքում Ձեր աջակցության և առաջնորդության համար: Դա մեզ լրացուցիչ խթան և մոտիվացիա էր տալիս, քանի որ գիտեինք, որ երբ պատրաստ էր լինում ինչ-որ մի փաթեթ, ռեֆորմ կամ գաղափար, որ պետք է Ձեր սեղանին դրվեր, դա միանշանակ հաստատվում էր, եթե դա հիմնավորված էր, արժեքավոր էր և հստակ արդյունահեն ցուցանիշներով փաթեթավորված»,- ասել է Մինասյանը: Նա նաև շնորհավորել է նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին և մաղթել, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում վարչապետի կողմից դրված բարձր նշաձողը՝ արդարության և արդարադատության ստանդարտն, ի վերջո, ժողովրդին հասանելի դառնա:


Իր հերթին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ նախարարությանը վերաբերվում է հոգատարությամբ, ուստի այստեղ եկել է սիրով, պատասխանատվության բարձր զգացումով և պատրաստակամությամբ՝ նոր թափ հաղորդելու բոլոր այն ծրագրերին, որոնք ներկա պահին գտնվում են Կառավարության օրակարգում:


«Հույս ունեմ, որ նախարարությունն՝ ի դեմս պրոֆեսիոնալ կազմի, ինձ հետ միասին հնարավորություն կունենա նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում ապահովել մեր հանրության համար սպասելի, ընկալելի և շոշափելի արդյունք»,- նշել է Սրբուհի Գալյանը:


Նա նաև վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և Կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում:

Հայաստանն ու Ղազախստանը հեշտացնում են քաղաքացիների պետության տարածքում գտնվելու կարգը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ