3.12.2024
Հայաստանն ու Ղազախստանը հեշտացնում են քաղաքացիների պետության տարածքում գտնվելու կարգը
prev Նախորդ նորություն

Երեւանը 2025-ին պլանավորում է մոտ 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտներ ապահովել. քաղաքապետ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Երեւան քաղաքի եկամուտներն ու պլանավորվող ծախսային ուղղությունները:


2024 թվականին Երեւան քաղաքի սեփական եկամուտները պլանավորվել էին 61 մլրդ 514 մլն դրամ՝ 2023 թվականի 38 մլրդ 799 մլնի դիմաց: 2025 թվականին Երեւան քաղաքի համար պլանավորվում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտների ապահովում: Հավելյալ դոտացիան կկազմի 9,5 մլրդ դրամ, պատվիրակված լիազորությունները՝ 58 մլրդ դրամ, վարկեր-դրամաշնորհներ հատվածը՝ 13,4 մլրդ դրամ, պետության կողմից նպատակային հատկացումներ-սուբվենցիաները՝ 1 մլրդ 133 մլն դրամ, Երեւան համայնքի վարկեր-դրամաշնորհները՝ 1 մլրդ դրամ եւ ֆոնդային մուտքերը՝ մոտավորապես 8 մլրդ դրամ:


Ծախսային ուղղություններին անդրադառնալով՝ քաղաքապետը նշել է, որ նախատեսվում են մեծածավալ բակային աշխատանքներ, կապիտալ շինարարական բազմաթիվ ծրագրեր: Հաջորդ տարի նախատեսվում է մետրոյի շարունակական վերանորոգման ծրագիրը, առկա են միջոցներ Աջափնյակի կայարանի համար: Տիգրան Ավինյանի խոսքով պահպանվել են բոլոր ընթացակարգերը՝ պարզ փորձաքննության, համալիր փորձաքննության, եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան մրցույթի կազմակերպմամբ հաջորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մրցույթի հաղթող կճանաչվի:


«Երեւան քաղաքի եկամուտների շարունակական ավելացումը հնարավորություն է տալիս էականորեն մեծացնելու կապիտալ շինարարության ծավալը, վերանորոգվող ու հիմնանորոգվող փողոցների քանակն ու ծավալը, հիմնանորոգվող ու նոր կառուցվող մանկապարտեզների քանակը»,- ընդգծել է քաղաքապետն ու կարծիք հայտնել, որ 2023 թվականին հաջորդող հնգամյակում Երեւան քաղաքում որեւէ չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու եւ գրեթե բոլոր ճանապարհներին անդրադարձ կլինի նման տեմպերով:


Պատգամավորների հարցադրումները վերաբերել են Երեւան քաղաքի գծանշման աշխատանքներին, վարորդների կողմից մի շարք խախտումների անթույլատրելիությանը, բակային տարածքների բարեկարգման աշխատանքների որակին, Կոնդ թաղամասի վերականգնմանը եւ քաղաքային այլ խնդիրների:


«Փոքր կենտրոնում էական փոփոխություններ են լինելու ավտոմեքենաների եւ, մասնավորապես, հանրային տրանսպորտի հոսքերի կառավարման տեսանկյունից: Ավտոբուսային գծերն ավելանալու են, ավելանալու են միակողմանի ռեժիմով աշխատող փողոցները, սա վերաբերելու է գրեթե բոլոր վարչական շրջաններին: Ավտոբուսային գծերը լինելու են հատուկ կահավորված, առանձնացված հատվածներ, որտեղ այլ մեքենաների մուտքն առհասարակ դժվար է լինելու»,- տեղեկացրել է Երեւանի քաղաքապետը:


Մանկապարտեզների համար հերթագրված երեխաների թվի դինամիկայի մասով հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշել է. «Քանի դեռ ակտիվ հիմնանորոգման փուլում ենք, մանկապարտեզներում հերթերը շարունակվելու են: Կարեւորն այն է, որ հիմնանորոգված յուրաքանչյուր մանկապարտեզում ավելի մեծ խմբեր են ստեղծվում: Այսինքն՝ ամեն նոր հիմնանորոգվող մանկապարտեզ ավելի շատ երեխա է կարողանում ընդունել»:


Երեւանում խցանումների խնդիրը կարգավորվելու է հանրային տրանսպորտի որակի բարելավմամբ: Նման կարծիք է հայտնել քաղաքապետը հարցի առնչությամբ եւ հավելել. «Մեր հիմնական նպատակը հանրային տրանսպորտի որակի բարելավումն է, որ մարդիկ կամավոր հրաժարվեն մեքենաներից եւ օգտվեն հանրային տրանսպորտից: Որեւէ այլընտրանք այս ճանապարհին չի կարող բերել քաղաքային միջավայրի գրագետ զարգացման: Եվրոպական բոլոր քաղաքները գնում են այս ուղղությամբ»:


Երեւանի քաղաքապետի զեկույցին հաջորդել են մարզպետների ելույթները: Ներկայացվել է 2025 թվականին մարզերին ուղղված ֆինանսական հատկացումների պատկերը: