VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց համամասնական ընտրացուցակի առաջին տասը հոգու անունը, սակայն ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության մարտավարության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Օրինակ` պարզեցինք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված է լինելու միայն երեք նախարար` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյանն ու մշակույթի նախարար
Արմեն Ամիրյանը:
Իսկ ահա մյուս բոլոր նախարարները, նախնական տեղեկություններով, չեն լինելու այնտեղ, մինչդեռ նրանցից Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը նաեւ կուսակցության ԳՄ անդամներ են: Ավելին՝ ՀՀԿ ցուցակում չի լինի ոչ միայն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ նաեւ նրա թիմի անդամները, թեեւ նրանք վերջերս մեծ շուքով անդամակցեցին ՀՀԿ-ին: ՀՀԿ ցուցակում չի լինի ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նաեւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ կանանցից ցուցակում չեն լինի ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը, նաեւ Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը` ՀԷԿ-երի սեփականատերը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ երիտթևի ոչ այնքան երիտասարդ նախագահ
Կարեն Ավագյանի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) պետական «ռեկետի» է ենթարկում բուհերին: Այս կազմակերպությունը հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհերից տարեկան միլիոնավոր գումարներ է ստանում: Պարզվում է՝ բուհերն իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը պարտադիր «նվիրաբերում են» ՀԵՀ-ին:
Օրինակ՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանը՝ պոլիտեխնիկը, 2016 թվականին ՀԵՀ-ին փոխանցել է 29 մլն 200 հազար դրամ: Իսկ ահա Երևանի պետական համալսարանի՝ ՀԵՀ-ին նվիրաբերած գումարը ավելի քան 100 մլն դրամ է: Կհարցնեք, թե ի՞նչ են արվում գումարները: Ավագյանի հիմնադրամը ծախսում է ամենատարբեր, մեծամասամբ անիմաստ միջոցառումներ կազմակերպելու համար` փուչիկների փառատոն, բնապահպանության, վերարտադրողական առողջության թեմաներով միջոցառումներ, ամանորյա քեֆ-ուրախություն և այսպես շարունակ:
Դե, քանի որ այս հիմնադրամն ամեն տարի ճանաչվում է նախագահականի գործընկեր կազմակերպություն, բնականաբար, հայտնվել է արտոնյալի կարգավիճակում, և տարեկան հաշվետվություններում օրենքով նախատեսված տվյալները նրանք չեն ներկայացնում, որպեսզի հասկանանք, որ բոլոր բուհերից ուսանողների ուսման վարձերի 2 տոկոսը գանձելով՝ ի՞նչ են անում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։ Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեև մեկ օր է մնացել ցուցակի հրապարակմանը»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր
Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին «Վեդի Ալկո»-ի գրասենյակից: 2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց
Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին եւ թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ: Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում: Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝
Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, և որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը․ նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։ Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին վարկ էր վերցրել՝ որպես գրավ դնելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի տունը, ապա բիզնես գործերը վատացել էին, և Բազեյանը հայտնվել էր տունը կորցնելու վտանգի առաջ։ Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակի 11-12-րդ համարները համապատասխանաբար պետք է զբաղեցնեին Վիկտոր Դալլաքյանն ու Արեգնազ Մանուկյանը, իսկ Արամ Գասպարիչին հատկացվել էր 14-րդ տեղը։ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը»: