ՀՀԿ նախընտրական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարարը
Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից անմիջապես հետո, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում հրապարակեց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ հորիզոնականներում տեղ գտած անունները:
Առաջին տեղում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, երկրորդում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդում՝ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հինգերորդ հորիզոնականում էլ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է:
ՀՀԿ խոսնակը հրապարակեց նաև հաջորդ 5 թեկնածուների անունները՝ նշելով, սակայն, որ հերթականությունը ենթակա է փոփոխման: Ըստ Շարմազանովի, ՀՀԿ համամասնական ցուցակի 6-րդ տեղում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նրան հաջորդում են ինքը՝ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը:
Ցուցակը չեն գլխավորում ոչ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կուսակցության խոսնակն այսպես մեկնաբանեց այդ հարցը․ «Վարկանիշի խնդիր չկա, կուսակցության նախագահն այդպես է որոշել: Մենք քննարկել ենք այդ հարցը Գործադիր մարմնում, և այդպես ենք նպատակահարմար գտել, նախագահի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է վարչապետ Կարապետյանին, պատճառը ինձնից լավ գիտեք, Կարապետյանը դրա մասին խոսել է»:
Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը, հավելեց Շարմազանովը:
Ճշտող հարցին արդյոք Կարապետյանի՝ ցուցակում չլինելու պատճառն այն է, որ վերջին 4 տարիներին նա մշտապես չի բնակվել Հայաստանում Շարմազանովը դրական պատասխանեց:
«Ցուցակը բավականին մրցունակ է բաղկացած է 64 հոգուց: Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծ հնարավորության ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություններ», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
Հարցին, թե որքանով է նպատակահարմար, որ սահմանային լարվածությանը զուգահեռ Պաշտպանության նախարարը զբաղվի ոչ թե այդ հարցերով, այլ՝ քարոզչությամբ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, բացի այդ Վիգեն Սարգսյանը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում է զբաղվելու քարոզչությամբ, ինչպես նաև ՀՀԿ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր պաշտոնյա»:
Նա նաև ասաց, որ ո՛չ Մհեր Սեդրակյանը, ո՛չ էլ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ի ցուցակում չկան: Հարցին, թե Գագիկ Բեգլարյանը կա՞ ցուցակում, ՀՀԿ խոսնակ Շարմազանովը պատասխանեց, որ չի հիշում: