25.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թաիլանդից ժամանած ուխտավորների
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ի և Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը

Համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած` «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 25-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին` Սանկտ Պետերբուրգում:


«Անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանը Մերձավոր Արեւելքի խոշորագույն տնտեսություններից մեկն է ու Հայաստանի համար առանձնահատուկ կարեւորություն ունեցող երկիր եւ հարավային ուղղությամբ առեւտրի առանցքային տարր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵԱՏՄ երկրների համար»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ ժամանակավոր համաձայնագրի կնքումը թույլ է տվել շեշտակի ավելացնել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը: «Եթե այն մինչ այդ մոտավորապես 2.4 մլրդ դոլար էր, ապա այժմ այն գերազանցել է 5.2 մլրդ դոլարը»,- հավելել է զեկուցողը:

Նշված 5.2 մլրդ դրամից ավելի առեւտրաշրջանառության մեջ Հայաստանի չափաբաժինը կազմում է 13.5 տոկոս` 700 մլն դոլար:


Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջեւ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ` զգալիորեն ընդլայնելով ժամանակավոր համաձայնագրով սահմանված` սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկը, ինչպես նաեւ որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները:


Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ստեղծել առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման պայմաններ` նպաստելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը:


Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում` ավելացնելով արտահանման ծավալները եւ ակտիվացնելով կոոպերացիոն եւ ներդրումային համագործակցությունը:


Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: