22.11.2024
Ազատվել պատերազմի ագռավներից
prev Նախորդ նորություն

Գյումրին կզիջեն ՔՊ-ին․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ եւ, ըստ լուրերի, չի վերադառնալու: Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին եւ պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա: Հիշեցնենք, որ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին եւ ներկա փոխքաղաքապետերը: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Շաբաթ օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանն աչքալուսանք է տվել թիմակիցներին, թե` Գյումրին այլեւս մերն է:


«Հրապարակը» գրում է․ Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանությունները չեն ընդունում մեղքի իրենց բաժինը, սակայն, մեր տեղեկություններով, ներքին քննարկումներում արձանագրել են, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։ Մեր տեղեկություններով՝ նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն եւ հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, եւ զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետեւանքն այդ մահերի վիճակագրությունն է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է օրենքում փոփոխությունների նախագիծ մշակվի։


«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը, Հովիկ Աղազարյանից բացի, հարցաքննության է կանչել նաեւ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին եւ պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Առաջինն Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան միջադեպի «մեղավորն» է` «սեւ շորով պատգամավորը», որի ռեպլիկին արված կոշտ դիտողության առիթով Աղազարյանը նկատողություն արեց Քյարամյանին, ու վեճը թեժացավ։  Ըստ ՔԿ պետի՝ Ներսես Խաչատրյանն իրեն ասել է՝ «կուռաժիտ է լինում», ինչին Զեյնալյանն արձագանքեց ամբիոնից. «Պարոն Քյարամյան, առնվազն անհասկանալի եւ անընդունելի է այդ Ձեր ժեստիկուլյացիան՝ մատով սենց անելն ու դիմելը, պատգամավորի հետ նման տոնով խոսելը։ Դուք խոսում եք ԱԺ պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք եւ Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ ո՞րն է ավելի վատ՝ հասկանալով, թե որտեղ եք գտնվում, եւ նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը։ Ես Ձեզ առաջարկում եմ, հորդորում եմ՝ փոխել Ձեր խոսելաոճը եւ առավել եւս՝ ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում եք ԱԺ պատգամավորի հետ»։


Միջադեպից հետո շատերը հիշել էին Փաշինյանի 2015-ի ելույթներից մեկը՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված, նրա հաշվետվության օրը. «Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, սա գլխավոր դատախազին նշանակող մարմին է: Մատը սենց-նենց է անում, Սերժ Սարգսյանի մոտ տե՞նց եք զեկուցում: Մի հատ Ձեզ կարգի հրավիրեք, Ձեր ցուցամատը Ձեզ պահեք, ի՞նչ է նշանակում` պատգամավորը հարց տա, ցուցամատ թափ տաք: Եթե շարունակեք, ես Ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու: Կոստանյան Գեւորգ, ես Ձեզ ու Ձեր նմաններին հասկանալու տեսություն եւ պրակտիկա կարող եմ դասավանդել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ փաստաթղթերով կամ իրականում ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն այժմ «Դատալեքս»-ն է ողողված հիշյալ ընկերության դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ։ «Արինս Կապիտալ», «Ռոգո ինշուրանս», «Արգիշտի 2», «Վիկան», «Բետոնագործ», Սեւակ Բոյաջյան եւ գուցե այլք փորձում են արդարադատություն գտնել «Եվրոասֆալտի» դեմ պայքարում։ «Ժողովուրդ»-ը կհետեւի սույն դատական գործերի ընթացքին՝ հասկանալու, թե Ալեն Սիմոնյանի բանակի ընկերը ինչեր է թույլ տվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքային իշխանությունը շարունակում է «պատժել» ընդդիմախոսներին: Հիմա էլ հերթը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությանը վրդովվեցրել է ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի ակտիվությունը. քաղաքային իշխանությունները մտադիր են զսպել նրան, չի բացառվում, որ հարցը հասնի ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկելուն եւս: Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում այս հարցը քննարկվում է, եւ ավագանու առաջիկա նիստերին հնարավոր է նման նախաձեռնությամբ հանդես գան: Տեղեկության վերաբերյալ դիմեցինք ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Արմեն Գալջյանին, վերջինս էլ ասաց. «Պեդրո Զարոկյանի վարքը ավագանու յուրաքանչյուր նիստի ընթացքն է խանգարում, նա վիրավորում է նիստին ներկա անդամներին, ինչն անթույլատրելի է: Այս պահին մանդատից զրկելու մասով վերջնական որոշում չունենք, բայց նրա վարքը քննարկման առարկա պետք է դառնա, եւ ըստ այդմ հասկանանք՝ որ տարբերակով ենք շարժվում»:


Պեդրո Զարոկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս լսել է նման բան, բայց հստակ ոչինչ չգիտի. «Եթե մանդատից ուզում են զրկեն, պետք է հիմքերն ասեն: Եթե խոսելու, խնդիր բարձրաձայնելու համար են մանդատից զրկում, թող հայտարարեն՝ էլ ժողովրդավարություն չկա»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար։


Դատելով իրավիճակից՝ «Կենտրոն վարչական շրջանի վրա թաղապետ չի գալիս», քանի որ ով նշանակվում է՝ նրա ղեկավարության ներքո գտնվող շրջանակում կոռուպցիոն գործարքներ են իրականացվում: Հիմա էլ նոր թաղապետ Պետրոս Պետոյանը կհայտնի, թե տեղյակ չի եղել, իսկ իրականում թաղապետերը կամ անգործության են մատնված կամ էլ գուցե լավ տեղյակ են եւ իրենց բաժին շահագրգռվածությունն ունեն կաշառքի գործերում։ Օրինակ՝ անցած տարի, երբ Կենտրոնի թաղապետը Սամվել Ղուկասյանն էր, նրա աշխատակիցներն էին կաշառքի գործընթացի մեջ մտել, ու հիմա այդ գործը դատարանում է, իսկ ահա նախկին թաղապետ Ղուկասյանը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ մի բան էլ բարձր պաշտոնի նշանակվեց Երեւանի քաղաքապետարանում: Իսկ հիմա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Պետրոս Պետոյանն է, եւ նրա աշխատակիցները խմբով կաշառք ստանալու համար ձերբակալվել են ու մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Ինչո՞վ է զբաղված թաղապետը, երբ իր ղեկավարած թաղապետարանում խմբով կաշառք ստանալու գործով են մեղադրվում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը օրերս Hark Media TV-ի եթերում հայտարարել էր, որ ՀՀ-ում համատարած անգրագիտություն է տիրում։ Վերջինս իր հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի դպրոցներում մայրենի լեզվի շարադրություններից երեխաների 1/4-ը բացասական գնահատական է ստանում, իսկ մաթեմատիկա առարկայից՝ 2/3-ը։


«Հայաստանի կրթությունը համեմատենք տարածաշրջանի երկրների հետ։ Անցած տարի հետազոտություն է իրականացվել ռեգիոնի բոլոր երկրներում. նույն տարիքի երեխաների տրվել է մայրենի լեզվից շարադրություն եւ մաթեմատիկայից՝ գրավոր աշխատանք։ Հետազոտությունը արվել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում։ Իմ թվարկած երկրներից որտե՞ղ է ամենավատ իրավիճակը գրանցվել… Հայաստանո՛ւմ։ 3-ից 2-ը ստացել է բացասական գնահատական։ Մայրենի լեզվից 4-ից 1-ը ստանում է բացասական գնահատական։ Ավելի ահարկու բան ասեմ. այս պահի դրությամբ Հայաստանի դպրոցահասակ երեխաների 10-ից 1-ը, անցած տարվա տվյալներով, ուղղակի դպրոց չի գնում։ Այսինքն՝ անգրագիտության մակարդակը համատարած է դարձել Հայաստանում», – ասել է Ատոմ Մխիթարյանը։


Կրթության փորձագետը որակել է, որ Հայաստանում համատարած անգրագիտություն է տիրում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, հետ հայացք ձգելով, նկատեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հենց գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ, անարգելով կրթական համակարգը, դիպլոմ է ստացել: Չխոսելով անգամ բացակաների մասին՝ ընդգծենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հենց իր ենթակայության տակ գտնվող հիմնարկում է ուսումնական պրակտիկան անցել, գնահատական ստացել իր ենթականերից: Սա ի՞նչ է, եթե ոչ անգրագիտության խթանում մագիստրոսական համակարգում: 


Այս հարցով դիմեցինք Ատոմ Մխիթարյանին հասկանալու համար՝ ինչո՞ւ է հանդուրժել այդ ամենը։ Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանեց. «Դա փաստ չէ, որովհետեւ ես մի անգամ էլ եմ մեկնաբանություն տվել։ Դասերին մասնակցել է եւ ավարտել է ինչ-որ ոչ բարձր գնահատականներով։ Բայց դասերին եթե չմասնակցեր, չէր կարող ավարտել, դա՝ վստահաբար»։ Իսկ պրակտիկան իր ենթակայությամբ, իրենից կախված մարդկանց մոտ անցնելը ի՞նչ է, եթե ոչ անարգանք կրթական համակարգի նկատմամբ: «Լիսկան» կնախանձեր թերեւս»:


«Հրապարակը» գրում է․ Գորիսի ոստիկանապետ, «Բիչոկ» մականունով Կարեն Հովսեփյանի գլխին մութ ամպեր են կուտակվել՝ Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալության պատճառով։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 5-ին Տեղի համայնքապետը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել: Մեզ պատմել են, որ ձերբակալությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, մասկի շոուով։ Մոտ 20 ոստիկան` պետի գլխավորությամբ ասֆալտին փռելով, թեւերը ոլորելով՝ բաժին են տարել նրան եւ 6 ժամ պահելուց հետո ազատ արձակել։ Հիմա Ղուլունցը կուլ չի տալիս այդ անարգանքը եւ, ըստ մեր աղբյուրների, բողոքել է վերեւներին՝ դիմել է դատախազություն եւ պահանջել գնահատական տալ ոստիկանների անհամաչափ գործողություններին եւ պատժել։


Ձերբակալության օրը ՆԳՆ-ից պարզաբանել էին, որ համայնքապետը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար է ենթարկվել վարչական ձերբակալման, ապա ազատ արձակվել: Հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, ըստ լուրերի՝ ձերբակալությունը կապված է եղել ապօրինի շինարարության հետ։ Ի դեպ, գորիսեցիները պատմում են, որ ոստիկանապետը «Բիչոկ» մականունը ստացել է տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպից հետո, երբ տեղի պաշտոնյաներից մեկը «բիչոկ» է շպրտել նրա վրա։