23.11.2024
© Sputnik / Արամ Ներսեսյան
prev Նախորդ նորություն

Փարիզում ներկայացվել է «Դեպի Հայաստան» գիրքը

Փարիզում գործող Սուրբ Մարիամ Աստվածածին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում տեղի է ունեցել հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական-հասարակական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Մարիաննա Շահպարոնյանի գրքի շնորհանդեսը:  


Մարիաննա Շահպարոնյանը ներկայացրեց իր ստեղծագործությունները փարիզյան հանդիսատեսին: Համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին գիրքը՝ նշելով դրա զգացմունքային խորությունը և Հայաստանի ու սփյուռքի միջև կապի յուրահատուկ մեկնաբանումը:  


«Դեպի Հայաստան» գիրքը, որը գրվել է 44-օրյա պատերազմի ծանր ժամանակաշրջանում, արտացոլում է հեղինակի խորը ապրումները հայրենիքի և նրա պատմության վերաբերյալ: Փարիզյան շնորհանդեսը դարձավ կարևոր քայլ՝ Ֆրանսահայերի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում:  


«Իմ գրքի շնորհանդեսը Փարիզում անչափ տպավորիչ էր: Ջերմ ու բարեկամական մթնոլորտը, ինչպես նաև սփյուռքի անդամների հետաքրքրվածությունն ու աջակցությունը, նորից ինձ ցույց տվեցին, թե որքան զորավոր է մեր համայնքը: Մարդիկ այստեղ պահպանում են իրենց ինքնությունն ու մշակույթը՝ միաժամանակ նոր շունչ հաղորդելով հայոց ազգային արժեքներին։ 


Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հոգեշնորհ Տեր Ավետիսին՝ նրա հյուրընկալության և մեզ աջակցելու համար։ Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր նաև մասնակցել սրբալույս մյուռոնի օծման արարողությանը»,- նշել է բանաստեղծուհին: 


Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունն ու հայրենադարձությունը։ Առաջիկայում գիրքը կներկայացվի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։