23.11.2024
Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ Ռուբեն Հակոբյանին ԱԺ շենքից դուրս բերելու մասին
prev Նախորդ նորություն

Վահե Ղազարյանն ու Մոնիկա Սանդրին քննարկել են միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։

Նախարարը կարևորել է արդյունավետ գործակցությունը հատկապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման, փախստականներին վերաբերող օրենսդրության կատարելագործման, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված և մի շարք այլ ուղղություններով:

Հանդիպմանը քննարկվել են նաև միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը և Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում բարեփոխումների ընթացքը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Համայնքային ոստիկանության բարեփոխումների և ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատության ձևավորման և զարգացման գործընթացներին՝ տրամադրելով տեխնիկական և փորձագիտական օժանդակություն։

Կողմերը բարձր են գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության հարցում ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արդյունավետ համագործակցությունը։