23.11.2024
Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները. Սանոսյան

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 15-16-ը գործուղվել է Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)։

Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, հոկտեմբերի 15-ին նախարարը մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։


Նախարար Սանոսյանն իր ելույթում շեշտել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ապահով գործարկումն առաջնային կարևորություն է ձեռք բերել աշխարհի բոլոր պետությունների համար, քանի որ զարգացած ենթակառուցվածքների առկայությունն և տարածքային համաչափ զարգացումը բոլոր երկրների կայուն զարգացման և դրանցում ապրող մարդկանց բարեկեցության ապահովման կարևորագույն գործոններից են: «Տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ընդգծել է Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: «Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա»,- շեշտել է ՏԿԵ նախարարը: