VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։ Դեսպան է նշանակվել 2021 թ. հունիսի 1-ին, 3 տարով, ժամկետը լրացել է 2024-ի հունիսի 1-ին, սակայն ո՛չ հետկանչի, ո՛չ ժամկետը երկարացնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն եւ ՀՀ նախագահը հրամանագիր չեն արձակել: ԱԳՆ-ն շուրջ 2 ամիս է՝ չի պատասխանում, թե ինչ հիմքով է Կարապետյանը շարունակում աշխատել։ Ուկրաինայում ՀՀ նոր դեսպանի թեկնածուի անուն եւս շրջանառվում է: Ըստ որոշ լուրերի՝ նախկին փոխվարչապետ, այժմ վարչապետի խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն է Կիեւ գործուղվելու։
Մաթեւոսյանը երեկ մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, շտապեց տեղեկացնել, որ ինքը վարչապետի խորհրդականն է․ «Ես ինձ շատ լավ եմ զգում այս կարգավիճակում եւ փորձում եմ կատարել ինձ տրված հանձնարարականները»։ Մաթեւոսյանը սովորել է արտերկրում եւ աշխատանքային փորձ ունի Ուկրաինայում` 2013-2015 թթ․ աշխատել է Դոնեցկում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ Նա փոխվարչապետի պաշտոնից ազատվեց 2022-ի դեկտեմբերին՝ ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա օգտին էլ են լցոնում արել։ Արդյունքում Մաթեւոսյանը չդարձավ ՔՊ վարչության անդամ։ Բայց նրա աշխատանքից հատկապես դժգոհ էին` Բրյուսովի համալսարանի ընտրություններով պայմանավորված, երբ, լինելով հոգաբարձուների խորհրդի նախագահը, չկարողացավ անցկացնել Փաշինյանի թեկնածուին` Դավիթ Գյուրջինյանին, եւ ստիպված եղան վերջինիս ռեկտոր դարձնել խայտառակ օրինախախտումներով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ վերջին տարիների վերաարտահանումը եւ ներկրումը դեպի Ռուսաստան մեզ բավականին օգուտներ է բերել, «բայց դա մի օր վերջանալու է»։ «Մենք այս տարի՝ 2024-ի առաջին կիսամյակում, ունենք պետական բյուջեի մուտքերի լուրջ թերակատարում։ Ի՞նչ պետք է անել. վարել ողջամիտ եւ իրական, ազատական տնտեսական քաղաքականություն, այլ ոչ թե տնտեսվարողների մի մասին կամայական ձեւով, ինչ-որ չնչին չվճարման կամ զանցանքի համար ճնշումների ենթարկել։ Սա մեզ լավ տեղ չի տանի։ Պատահական չէ, որ կապիտալն արտահոսում է Հայաստանից։ Ամեն ինչ պետք է անել, որ ներդրումներ հոսեն մեր հայրենիք, ստեղծվեն նոր աշխատատեղեր...»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է հայտնի գործարարը:
Նա խոսում է տնտեսական «շահավետ տարբերակների», «հաշվարկված գրագետ նախագծերի» մասին, որոնք կապահովեն մեր տնտեսության աճը: Եվ ասում է, որ առաջիկայում նման մի քննարկում է որոշել նախաձեռնել, «որտեղ չեն լինի դատարկախոսություն, իրար վիրավորելու ու մեղադրելու մթնոլորտ, այլ՝ լուրջ մասնագետների, լուրջ գործիչների հետ մի քննարկում, որը գուցե կարող է ունենալ շարունակություն՝ աշխատանքային խմբերի ձեւով, որտեղ իսկապես կոնկրետ աշխատանք կարվի՝ մեր երկրի համար շատ կարեւոր աշխատանք։ Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորների մի խումբ` ատամները սրած, սպասում է ուժային որոշ կառույցների ղեկավարներին, որոնք այսօր հրավիրված են Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումներին։ Մենք գրել էինք, որ մի խումբ դժգոհ է ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, գլխավոր դատախազից եւ հատկապես՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանից: Ի դեպ, սկզբում հանձնաժողովը չի նախատեսել Քյարամյանին հրավիրել, քանի որ անցյալում նա նման հրավերները մերժել է, սակայն ՔՊ-ականների պնդմամբ հրավերն ուղարկվել է։ Իսկ լսումները կլինեն «ՀՀ-ում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ընդդիմությունը մտադիր է հանդես գալ ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկով՝ երեկ մեզ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հոկտեմբերի 16-ին՝ վաղը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն աշխատանքային քննարկում է հրավիրել՝ ԸՕ-ի եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի շուրջ, եւ հենց այդ քննարկմանն էլ Մինասյանը ներկայացնելու է առաջարկը՝ ակնկալելով, որ այդկերպ հանգամանալից կքննարկեն փոփոխություններն ու դրանց անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ իշխանությունն ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելու նախագիծ է ներկայացրել, որոնցով փորձելու է օրենսդրությունն էլ ավելի հարմարեցնել իշխող ուժին եւ ապահովագրել իր վերարտադրությունը։ Մինասյանն ասել է, որ ընդդիմությունն այժմ ուսումնասիրում է նախագիծը, առաջիկայում կարծիք կհայտնեն այդ մասին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին շատ է քննարկվում այն թեման, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցով ստորագրահավաքի տեմպերը չափազանց դանդաղ են։ Կարծում ենք, սակայն, բոլորովին իմաստ չկա չարախնդալ այն բանի վրա, որ ստորագրությունները շատ դանդաղ են հավաքվում: Ընդհակառակը, ինչպես նշում են շատ փորձագետներ ու գործիչներ, մինչ այժմ հավաքված 33 հազարից մի փոքր ավելի ստորագրությունները նշանակում են վարչական ռեսուրսի լավ աշխատանք, որն ապահովում է օրական միջինը հազար ստորագրություն։ Այս տեմպերով մինչև նոյեմբերի 14-ը անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները կհավաքվեն՝ հարցը խորհրդարանում քննարկելու համար։
Ստորագրահավաքի կազմակերպիչները՝ «Ժողովրդավարական ուժերի հարթակին» մաս կազմող կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն էլ արդեն վստահություն ունեն, որ իրենց կհաջողվի հավաքել անհրաժեշտ 50 հազար և ավելի ստորագրությունները։ Այստեղ խնդիրն այդ ստորագրությունները չեն. դրանք, ինչպես և ստորագրահավաքի սին կետերն ինքնին ոչինչ չեն նշանակում։ Կան առավել խորքային հարցեր: Տեսեք, մամուլն արդեն գրել է, որ «Եվրաքվեի» կազմակերպիչներից մի քանիսին ցանկանում են պաշտոններ առաջարկել գործադիրում, ընդ որում՝ բավական «սոլիդ» պաշտոններում։ Իսկ դրանից հետո արդեն հանրաքվեներ կազմակերպելը կդառնա «տեխնիկայի հարց»։
Այնպես որ, ինչպես նույն փորձագիտական շրջանակներն են նշում, Հայաստանի քաղաքական ուժերը կարող են առանց ժամանակ կորցնելու պատրաստվել նախ՝ «սահմանադրական» հանրաքվեին, իսկ եթե եղավ նաև արտաքին «պատվեր», ապա նաև «ԵՄ-ին անդամակցության» հանրաքվեին, որքան էլ հիմա քպականներն ու Նիկոլ Փաշինյանը նշում են, թե վերջինիս անհրաժեշտությունը չկա։ Այս ամենի հեռահար նպատակը պարզ է՝ Հայաստանը Ռուսաստանից հեռացնել, ԵՄ-ին անդամակցության հարցը պահել առաջին պլանում, անվերապահ կատարել Ադրբեջանի պահանջները: Ի վերջո, Փաշինյանն ու նրա հովանավորները վաղուց արդեն պատրաստ են այդ ամենին և հետևում են ճանապարհային քարտեզին, որը ոչ ոք չունի։
«Իրավունք» թերթը գրում է. Հոկտեմբերի 5-ից Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում տարածվում են Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում վարդագույն հագուստով մարդկանց փողոցային փերֆորմանսի դրվագները: Արդյոք Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունն ունեցե՞լ են այս ներկայացումը բեմադրելու համար եւ, հաշվի առնելով դրա բովանդակությունն ու արձագանքները, արդյոք որեւէ մեկը պատժվե՞լ է դրա համար: Քաղաքապետարանից տեղեկացրին, որ տեղի ունեցածի հետ քաղաքապետարանը որեւէ առնչություն չունի, ոչ էլ թույլտվություն է տվել: Դա Հայաստանում անցկացվող միջազգային փառատոնի շրջանակներում է տեղի ունեցել, ներկայացվել է որպես բեմադրություն: Այլ մանրամասների քաղաքապետարանը չի տիրապետում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միլիարդավոր դրամների պետական գնումներ են արվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։ 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը «Բիդեք» ՍՊԸ-ի եւ մի քանի գերատեսչությունների միջեւ 7 պայմանագիր է կնքվել, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 4 միլիարդ դրամ եւ ավելի։ Հենց այս ընկերությունն է, որ ստանձնել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարանի հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքների կատարումը։ Այս ծառայությունը մատուցելու համար Դավիթ Սեդրակյանի ընկերությանը տրամադրվել է 743 մլն ՀՀ դրամ։
Մանրամասնենք, որ Սեդրակյանի «Բիդեք» ՍՊԸ-ի եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագիրն արժեցել է 844 մլն 937 հազար դրամ, նպատակը՝ ««ՀԱԷԿ» ՓԲԸ կարիքների համար պահեստային ճգնաժամային կենտրոնի կառուցման աշխատանքներ»։ «Բիդեք» ՍՊԸ-ի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 431 մլն 980 հազար դրամ, նպատակը՝ «կրթական օբյեկտների հիմնանորոգում (Երեւանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման 2024 թ. աշխատանքներ)»։ «Բիդեք» ՍՊԸ-ի եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջեւ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 9 մլրդ 410 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքի» մատուցում։
«Բիդեք» ՍՊԸ-ի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջեւ կնքված պայմանագիրն արժեցել է 438 մլն 822 հազար դրամ, նպատակը՝ «կամուրջի հիմնանորոգման աշխատանքների» մատուցում։ «Բիդեք» ՍՊԸ-ի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջեւ կնքված պայմանագիրն արժեցել է 2 մլրդ 964 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արագածոտնի մարզի ք. Աշտարակի Վ. Պետրոսյանի անվ. հիմն. դպրոցի կառուցման աշխատանքների» մատուցում։ «Բիդեք» ՍՊԸ-ի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջեւ կնքված մյուս պայմանագրի արժեքը կազմել է 1 մլրդ 91 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արարատի մարզի Լուսաշող բնակավայրի կրթահամալիրի կառուցման» աշխատանքների» մատուցում։ Պայմանագրերը կնքվել են հրատապ բաց մրցույթի կամ բաց մրցույթի ընթացակարգով՝ այսինքն՝ առանց մրցակցության»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սեւանա լճի լողափնյա տարածքում հանրապետությունում լողի մասսայականացման եւ առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսի 17-ին անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։ Այս քարոզչությունը մեր երկրի աղքատիկ բյուջեի վրա արժեցել է 20 մլն 114 հազար ՀՀ դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լողի մրցաշարի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տրամադրել է 20 մլն 114 հազար դրամ՝ գրեթե 52 հազար դոլար։ Եղել են դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի, 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ։
Նշենք, որ հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները ներառված չեն: Կնքված պայմանագրերի տպագրված գովազդային նյութերի, մարզաշապիկների, հուշանվերների, հուշամեդալների եւ հավաստագրերի եւ այլ իրերի համար հատկացվել է 2 մլն 236 հազար դրամ։ Մրցաշարի անցկացման, պարգեւատրման անցկացման, տեսահոլովակի առկայության, հեռարձակման ապահովման համար վճարվել է 16 մլն 872 հազար դրամ։ Հարկերը ներառյալ՝ պայմանագրի արժեքը կազմել է 20 մլն 114 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրների ցտեղեկացավ, որ Պայմանագիրը կնքվել է ԿԳՄՍՆ-ի եւ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» ՍՊԸ-ի միջեւ։ Նշված ընկերությունը 2024 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետական գերատեսչությունների հետ կնքել է գնման հինգ պայմանագիր, որից չորսը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, մեկը՝ Երեւանի քաղաքապետարանի։ Կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 86 մլն դրամ։
Այս ընկերության հետ է կնքվել պայմանագիր նաեւ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացման համար՝ ԿԳՄՍՆ-ից ստանալով դրամաշնորհ՝ 48 մլն 916 հազար դրամ։ Մինչ այս Հայաստանում նման մրցաշարեր չէին անցկացվում, սակայն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դրանք տարեցտարի ավելանում են։ Արդյոք սա անտեղի ծախս չէ՞ առանց այդ էլ միլիոնների դեֆիցիտ ունեցող ՀՀ բյուջեի շրջանակում՝ դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ մրցաշարերը պարբերական բնույթ են կրում եւ տարբեր աստիճանի թանկացումներով։ Հարկ է նշել, որ 2022 թվականին «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացման համար ծախսվել է 24 մլն 365 հազար դրամ՝ գրեթե 50%-ով ավելի քիչ քան այս տարի։ Հարցական է, թե մրցույթում այդ ի՞նչն է 20 մլն դրամ թանկ արժեցել»։