4.12.2024
Ինչու Փաշինյանը չմիացավ ԱՊՀ ԱԳՆ խորհրդի 2 հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները»
prev Նախորդ նորություն

Գերագույն մուրացիկը․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից ելույթ ունենալով Մոսկվայում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք այս տարի «շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում», եւ ինքը պատրաստ է այս ամիս արդեն ստորագրել խաղաղության` «80 տոկոսով» համաձայնեցված պայմանագիրը: Համոզելով, որ Ադրբեջանն էլ ստորագրի, հայտարարել է, որ ոչ մի տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից, եւ կրկին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Խոստացել է ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապը, ինչպես նաեւ՝ «մեր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկության անվտանգությունը»: «Ավելին»՝ պատրաստ է «որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված` ՔՊ վարչության նիստը երեկ չի կայացել, վարչության անդամներն անգամ տեղյակ չէին, թե երբ է կայանալու ոմանց համար այդքան սպասված նիստը, որի օրակարգում արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունն է։ Չնայած դրան, առաջադրումներն ավարտվել են, նոր թեկնածուներ չեն կարող հայտնվել․ 2 թեկնածու կա՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան: «Ղուշ թռցնող» Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում, կարծում է, որ վարչությունում իր աջակիցները մեծամասնություն են, եւ Արուսի համեմատ ինքն ուղղակի իրավաբանության գուրու է․ Ջուլհակյանն իրավաբանի կրթություն չունի, ճարտարագիտականի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետն է ավարտել եւ մի քանի ամիս` 2010-ին, Վարշավայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում «Մարդու իրավունքներ» է ուսումնասիրել։


Սակայն ՔՊ վարչությունը կարող է անակնկալ մատուցել երկուսին էլ: Բանն այն է, որ թեկնածուն համարվելու է ընտրված, եթե ստանա նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայները, այսինքն` 15 հոգանոց կազմով նիստի պարագայում՝ 8 կողմ, ինչն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ՝ եթե հույս ունենանք, որ ողջամտությունը դեռ չի լքել ՔՊ-ին: Այսինքն՝ եթե որեւէ մեկը չքվեարկի կամ ձեռնպահ քվեարկի, ապա ընտրություն չի կատարվի, եւ վարչությունը կսպասի նոր առաջադրումների։ Ինչ վերաբերում է նախարարի թափուր պաշտոնին, ապա ՔՊ-ի դեպքում դա նոր բան չէ` պաշտոններ են եղել, որ ամիսներով թափուր են մնացել, համակարգերն էլ ԺՊ-ներն են ղեկավարել:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, ՔՊ-ական պատգամավորները, որոնք նշանակման օրվանից լեզու չգտան մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քանի որ նա լավ հարաբերություններ հաստատեց ընդդիմադիր համայնքապետերի հետ, այժմ իրենք են նույնն անում։ Մինչ մարզպետը՝ կալավանցի Ռոբերտը, արձակուրդում է, նրա աթոռին աչք դրած Դավիթ Դանիելյանը` մի խումբ ՔՊ-ական պատգամավորների հետ, շրջում է համայնքներում, շփվում ընդդիմադիր համայնքապետերի հետ: Նրան ուղեկցում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Ի դեպ, Քաջարանի համայնքապետարանը քաղաքի տոնի առիթով տոնական ձեւավորումը վստահել էր պատգամավորի եղբորը՝ նկարիչ Արամ Դանիելյանին, նրա գեղանկարներն էլ նվիրում էին պարգեւատրողներին։ Թերեւս Դավիթ Դանիելյանը հասկացել է, որ պետք չէ արհամարհել համայնքապետերին, քանի որ ժողովուրդը նրանց է ընտրել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի»: Սակայն իրականում Հայաստանում թեեւ ճանապարհների ասֆալտապատման մեծ ծրագրեր են իրականացվում, սակայն այդ ասֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս։ Անգամ վերակառուցված ճանապարհները վերակառուցումից ամիսներ անց դառնում են ոչ պիտանի։ Մասնավորապես, 2020 թվականի պատերազմից հետո Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնվեց, եւ վարորդներին հատկացրեցին Տաթեւ-Աղվանի վերանորոգված շրջանցիկ ճանապարհը։ Սակայն այն չդիմացավ անգամ կես տարի։ 11․08․2022թ․ կառավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթեւ-Աղվանի ճանապարհի վերակառուցման համար։ Նիկոլ Փաշինյանն արդարացավ, թե՝ ճանապարհը նախատեսված չէր բեռնատարների համար, միջհամայնքային ճանապարհ էր եւ այլն։


26․07․2023թ․ խորհրդարանում քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին դիմելով՝ ասաց․ «Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետեւում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետեւ ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»։ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդհատեց՝ հուշելով, որ իրենք իրենցով չեն, ուղիղ եթեր է։ Նարեկ Ղահրամանյանը զարմացած հարցրեց՝ «ուղիղ եթե՞ր է»։ Թունյանը ասաց, որ լրագրողները լուսաբանում են եւ անհարմար բացահայտում ստացվեց»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ամենաշատ գործուղումների մեկնող պաշտոնյաներից է: Հոկտեմբերն առավել հարմար է գործուղումների առումով, եւ Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանում չանցկացնել: Նա աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ից մեկնել է Գերմանիա, մասնակցել Համբուրգի կայունության համաժողովին եւ իրականությունից կտրված մի շարք նիկոլական թեզեր է առաջ մղել՝ հայտարարելով․ «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին 2 տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում»:


Մինչդեռ բոլորին պարզ է, որ այդ առաքելությունը նվազագույն դերակատարում է ունեցել, եւ միջադեպերը նվազել են, որովհետեւ իր վարչապետը սիրահոժար տալիս է այն, ինչ Ալիեւն ուզում է, եւ բանակն էլ չի զինում, որ այս կողմից կրակոց չհնչի: Հոկտեմբերի 9-ին նա կվերադառնա եւ հաշված օրեր անց կրկին կմեկնի, այս անգամ՝ Ղազախստան, քառօրյա աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ: Այս նախագահական վոյաժները մեր պետության վրա շատ թանկ են նստում, քանի որ Վահագն Խաչատուրյանն արտերկիր մեկնելիս իր հետ 30-35 հոգանոց պատվիրակություն է տանում: Իսկ դեկորատիվ նախագահի վոյաժների արդյունավետությունը զրոյից բարձր չէ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը քննելու է Երեւան քաղաքի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Դատավոր Հովհաննիսյանը դատական համակարգում աչքի է ընկել իր օբյեկտիվ որոշումներով ու մշտապես, առանց կաշկանդվելու, բարձրաձայնել է դատական համակարգում տիրող իրավիճակը։ Ավելին՝ ԲԴԽ-ի թեթեւ ձեռքով արդեն երկրորդ անգամ դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հեռացվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից: Նրան հեռացնելով՝ քաղաքական իշխանությունների իրենց ցանկալի դատավորին են առաջ տանում. խոսքը, օրինակ, Հրայր Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի մասին է։


Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:


Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։ Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու «պատճառով» Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է, որ պետք է ԵԱՏՄ անդամ պետություններում, այդ թվում՝ ՀՀ-ում եւս, ծխախոտները լինեն միանման փաթեթավորմամբ, պարունակեն մարդու առողջությունը վտանգող ահասարսուռ տեսարաններով նկարներ՝ դրանով նպաստելով ծխախոտի օգտագործման դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մեր երկրում շարունակվում են (իհարկե փակ ստենդներից) վաճառվել «ոչ սարսափելի տեսարաններով», գեղեցիկ դիզայնով ծխախոտի տարբեր արտադրանքներ:


Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հետաքրքրվելով՝


1. հետեւողական եղե՞լ եք արդյոք կառավարության առաջարկով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի կիրառման արդյունքներին։


Օրինակ՝ տնտեսվարողների քանի՞ տոկոսն է ծխախոտը վաճառում նշված կանոնակարգին համապատասխան,


2. օրենքի կիրառման քանի՞ խախտում է արձանագրվել,


3. ի՞նչ ընթացք են ունեցել բացահայտված դեպքերը,


4. կա՞ն հստակ անձինք, որոնք ենթարկվել են պատասխանատվության՝ օրենքի խախտման համար:


Այս հարցերին ՀՀ առողջապահության նախարարությունից 4 էջ պատասխան են գրել՝ տեղեկացնելով, որ գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Ավոյանը 2023 թվականի հունիսին, ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ, ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ծավալել՝ միատեսակ փաթեթավորման ներդրման վերաբերյալ, սակայն Ղազախստանն ու Ղրղզստանը դեռ դիրքորոշում չեն հայտնել, իսկ ՌԴ-ն եւ Բելառուսը հայտնել են, որ այս պահին նպատակահարմար չէ միատեսակ փաթեթավորման կիրառումը, ու քանի որ կոնսենսուս չկա. հարցը դեռ չի լուծվել:


Մյուս հարցերի մասով առողջապահության նախարարությունը պատասխանատու չէ: Ստացվում է, որ առողջապահության ոլորտի թիվ մեկ կազմակերպիչ Անահիտ Ավանեսյանը, որ հաճախ է խոսում ծխախոտի դեմ պայքարի մասին, մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի, Բելառուսի կամ այլ պետությունների հետ»։