Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, աշխատակիցների ասելով հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից։ Այս մասին Իսակովի պողոտայում «Դոմուս» խանութ–սրահի հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կանո Ցուցուլյանը, գրում է news.am-ը:
«Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր զանգել են փրկարար ծառայություն։ Տուժածներ չկան, հրդեհի բռնկման որեւէ վարկած ես այս պահին չեմ կարող ասել, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմինը կգա, կսկսի հետաքննություն իրականացնել, որի արդյունքները կխնդրենք, կհրապարակեն։
Ըստ աշխատակցի, ասել է՝ պահեստային հատվածում հոսանքները գնացին, հետո եկան հետո բռնկվեց։
Տանիքին տեղադրված է արեւային համակարգ՝ իր կուտակիչով, դրա համար հրդեհաշիջումը այդքան դժվարացավ եւ տարածվեց հրդեհը դրա հետեւանքով։
Խանութ–սրահի տարածքը մոտ 2500-3000 քմ է, ներսում եղել են կենցաղային իրեր, շինարարական և այլ տարբեր ապրանքներ»,–ասաց ն։ Ցուցուլյանի խոսքով, կրակն այս պահին մարված է, մեկուսացված է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ, այսինքն հովացման, ներսի մաքրման աշխատանքներ։
Նա հավելեց, որ պայթյունի ձայն լսվել է հրդեհաշիջման ժամանակ, ապակիներն են տաքությունից պայթել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։
Ծուխը տեսանելի է եղել մի քանի կմ-ից: Հրդեհը տարածվել է պահեստից դեպի խանութի տարածք։
Հրդեհից 2 ժամ անց դեռեւս կրակը մարված չէր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, ներսում եղած մարդիկ հասցրել են դուրս գալ։ Վերջին տվյալներով հրդեհը տարածվել է 2500-3000 ք, տարածքում։