13.10.2024
Նոր հարցում Ադրբեջանից
prev Նախորդ նորություն

Ո՞վ է փոխարինելու Գրիգոր Մինասյանին. ասում են՝ հաջորդ նախարարը կին է լինելու. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Գրիգոր Մինասյանի հրաժարականից րոպեներ անց իշխանական շրջանակներում տարբեր անուններ սկսեցին շրջանառել, թե ով կարող է փոխարինել նրան։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Վարդանյանն է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որի նշանակմանն են անգամ ՔՊ խմբակցությունում դեմ: Երեկ կատակում էին՝ Վլադիմիրին նշանակեն, մի ստորագրահավաք էլ նրա դեմ կկազմակերպենք: Բանն այն է, որ Վարդանյանը, ըստ ՔՊ-ականների, նույնպես զտարյուն ՔՊ-ական չէ, իսկ հեղափոխության առաջամարտիկ Արփի Դավոյանն ասել է, որ Գրիգոր Մինասյանի փոխարեն պետք է ՔՊ թիմի ներկայացուցիչը նշանակվի նախարար։ Փաստաբան Տիգրան Եգորյանի թեկնածության մասին էին խոսում, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների գործող պաշտպան Անահիտ Մանասյանի: Իհարկե, Մանասյանը թուղթութամասով ՔՊ-ական չէ, բայց հոգով-սրտով այդպիսին է։ ՔՊ-ում երեկ փակագծեր չէին բացում, միայն վստահեցնում էին, որ հաջորդ նախարարը կին է լինելու։ Ի դեպ, Մինասյանի հետ համակարգից կհեռանան նրա կադրերը, հատկապես՝ աղմկահարույց Պրոբացիայի ծառայության պետը, իսկ Քրեակատարողական ծառայության պետն արդեն ժամեր անց դիմումը ներկայացրեց։


«Հրապարակը» գրում է․ Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Հատկապես Քյարամյանի նկատմամբ ՔՊ-ում աննկարագրելի հակակրանք ունեն ու կարծում են, որ պաշտոնն օգտագործում է բացառապես անձնական շահերի համար։ ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախաձեռնությունը նույն պատգամավորների խմբինն է լինելու։ Առայժմ դոսիեներ հավաքելու փուլն է, ինչպես արել են Գրիգոր Մինասյանի դեպքում: Այս հարցում էլ ՔՊ-ականների հույսն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն է, որը պաշտոնի սրընթաց աճ ունեցավ՝ շնորհիվ Փաշինյանին մատուցած անուրանալի ծառայությունների, եւ հիմա էլ ԱԱԾ տնօրենի կամ ՔԿ նախագահի պաշտոնին է ձգտում։ Իսկ Վահե Ղազարյանին ՔՊ-ում համարում են ոչ կոմպետենտ, թույլ պաշտոնյա, որը կառույցը «բրախել» է եւ ստվերային կառավարման հանձնել սորոսականներին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը։


«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, ՀՀ արդարադատության հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին հնարավոր փոխարինողներից մեկը ներքին գործերի նախարարի տեղակալ, սորոսական թեւի ներկայցուցչի համարում ունեցող Արփինե Սարգսյանն է: Համենայնդեպս, ՔՊ-ում մեծ մասը իր լոբբինգով է զբաղված, բարեխոսում են վերեւներին, թե նա է ամենավստահելին ու պրոֆեսիոնալը: Ընդ որում՝ Արփինե Սարգսյանն էլ իր հերթին առանձնապես դեմ չէ բաժանվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանից: Չէ որ նրանք ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հաշտ ու համերաշխ գործընկերներ են, բայց համակարգում տարածված լուրերն այլ բանի մասին են փաստում, որ երկուստեք նյարդային պոռթկումներ են ունենում` Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը: Ի դեպ, Արփինե Սարգսյանը պատահական մարդ չէ Արդարադատության նախարարությունում, նա հենց արդարադատության փոխնախարարի պաշտոնից է տեղափոխվել Ներքին գործերի նախարարություն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերի «շնորհիվ» արդարադատության նախարարությունում հրաժարականների շարքը շարունակվում է: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Սեպտեմբերի 26-ին հրաժարական էր տվել երկրոդ նախագահի «գիրքը գրկած» ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը: Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն է լինելու:


Բանն այն է, որ մարտի 26-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, արդեն հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին ասել էր. «Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում էր ՔԿԾ տնօրեն, մենք մտածում էինք, որ սկսում ենք բարեփոխումների մի լայնածավալ գործընթաց, բայց երբ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ մեծ զարմանք առաջացավ այն առումով, որ ես, լինելով փաստահավաք խմբի անդամ, շատ լավ գիտեի, թե քննչական խումբը ինչ գործունեություն է ծավալել «Մարտի 1»-ի գործերով, եւ տվյալ քննիչը, որը Վահագն Հարությունյանի ամենակարեւոր քննիչներից մեկն է եղել, խորհրդականից դարձավ տեղակալ, հետո արդեն ծառայության ղեկավար, ընդ որում՝ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մինչեւ հիմա շարունակում է «փախած» մնալ՝ ՀՀ-ից դուրս է: Հիմա դրանով մենք «Մարտի 1-ի» էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. եթե բաց է, այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով մասնակցություն են ունեցել, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ»:


Ու չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանի «թեթեւ ձեռքով» հաջորդը հրաժարական տա Ամբակում Գրիգորյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք, Անդրանիկ Քոչարյանն է հանձնարարել Արփի Դավոյանին նախաձեռնել Գրիգոր Մինասյանի հրաժարականի ստորագրահավաքը խմբակցության ներսում, որն էլ իր ընկերուհի Լուսինե Բադալյանի հետ սկսել էր այն: Արդյունքում, Գրիգոր Մինասյանը, չսպասելով պրոցեսների զարգացմանը, երեկ ինքնակամ դիմում գրեց ու հեռացավ»:


«Հրապարակը» գրում է․ Խորհրդարանի իշխող խմբակցությունը պատրաստվում է հաշվետվություն պահանջել ուժային որոշ կառույցների ղեկավարներից՝ Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում հանցավորության դեմ պայքարի եւ բարեփոխումների ձախողման համար։ Բանն այն է, որ չնայած թմբկահարվող բարեփոխումներին, երկրում հանցագործությունների, մասնավորապես՝ թմրանյութերի իրացման աննախադեպ աճ է նկատվում։ Այս նպատակով քննարկում են հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը, որին հրավիրելու են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։ Լսումների նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, սակայն ՔՊ պատգամավորները մարտական են տրամադրված եւ Անդրանիկ Քոչարյանից պահանջել են պարտադիր ապահովել երկու ղեկավարների ներկայությունը, որոնք համարվում են ոլորտի թիվ մեկ պատասխանատուները։


«Հրապարակը» գրում է․ Դեռեւս Արցախի բլոկադայի վերջին ժամանակաշրջանում Սամվել Բաբայանը հրապարակավ խոստովանեց, որ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, փոխանակվել են սկզբունքների փաթեթով, որպեսզի հնարավոր լիներ Արցախը պահել ադրբեջանական մանդատի ներքո։ Վերջերս նրան «պատին են դեմ տվել» արցախյան որոշ շրջանակներ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել, որպես կանոն` ադրբեջանցիները պատահական մարդկանց չեն ընդունում։ Բաբայանը տվել է այն մարդու անունը, որն իր եւ ադրբեջանցի որոշ պաշտոնյաների միջեւ միջնորդի դեր է ստանձնել, փաստաթղթերն ինչ-որ պարբերականությամբ տարել է Կարմիր Շուկայի ադրբեջանական անցակետ, փոխանցել, ապա իրենցը վերցրել:


Խոսքն արցախցի Ռազմիկ Աղասյանի մասին է՝ միջին տարիքի մի տղամարդ, որի մասին շատ բան հայտնի չէ, սակայն կասկած չկա, որ նա երկարատեւ կապի մեջ է եղել ադրբեջանցիների հետ, հակառակ դեպքում նրան չէին վստահի։ Ստացվում է, որ Սարգիս Գալստյանի նկատմամբ ՀՀ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում լրտեսության մեղադրանքով, սակայն աչք են փակում մեկ այլ անձի` Բաբայանի միջնորդ Ռազմիկ Աղասյանի վրա։ Ի դեպ, պատմում են, որ ռուս խաղաղապահները հերթական փոխանակման ժամանակ բռնել են Ռազմիկ Աղասյանին եւ կոշտ զրույց ունեցել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե` մեր թիկունքում սեպարատ բանակցում եք ադրբեջանցիների հետ, իսկ մեզնից անվտանգության ապահովում պահանջում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր մտերմությամբ եւ ԱԺ-ում անթաքույց նրանց ուղեկցում է տարբեր սենյակներ, դրա համար պատճառներ ունի. տարիներ շարունակ նա մի քրեական վարույթով որպես վկա է անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել: Արփի Դավոյանը, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2011 թվականի արտադրության Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը գնման եղանակով ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո՝ 2021 թվականին, եւ մինչ օրս վարում է: Նրա՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 25 մլն 197 հազար դրամ, որը տարվա վերջում զրոյացվել է:


Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարը կազմել է 28 մլն 360 հազար դրամ, որը կրկին զրոյացվել է տարվա վերջում: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդներից մեկը կազմել է 865 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 3 մլն 995 հազար դրամ, իսկ մյուսը զրոյական վիճակից դարձել է 1 մլն 458 հազար դրամ: Որպես կանխիկ գումար ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 58 հազար դրամ: ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 71 մլն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 7 անգամով ավելի է (2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 55 հազար դրամ), որից 9 մլն 995 հազար դրամը Ազգային ժողովից ստացված աշխատավարձն է, 56 մլն 63 հազար դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտը, 2 մլն 421 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցում է եղել, իսկ 3 մլն դրամը՝ «ԱԿԲԱ» բանկից:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետեւյալ բովանդակությամբ. «2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է»: Մեր հարցմանն ի պատասխան՝ գրել էին. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա»։ Այսինքն՝ տարիներ շարունակ Արփի Դավոյանը որպես վկա է մնացել գործով, իսկ եթե նա լիներ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսը՝ վաղուց մեղադրյալ էր դարձել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պարզվում է, իր մտերիմ շրջապատում մականուն ունի: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Էրեբունի վարչական շրջանի՝ իր բնակության վայրի հարակից տարածքներում, մտերիմ շրջապատում Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում: Նրա արդեն նախկին ընկերներից մի քանիսը պատմեցին, որ բոլորը գիտեն, թե Դավիթին ինչպես են դիմում, եւ ինքն էլ վաղուց վատ չի զգում իր մականվան համար: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել է Դավիթ Առաքելյանին եւ հետաքրքրվել՝ ինչի հետեւանքով է այդ մականունն առաջացել, ում կողմից, ինչու են իրեն այդպես բնորոշում եւ ինչպես է վերաբերվում մականվանը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը, սակայն, ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել է տեղեկությունը:


Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ աշխատակազմից գրել են. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որեւէ տվյալի ստացմանը»: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էլ «մուկ» մականունով էին դիմում, եւ ինքը՝ Աբրահամյանը, տարիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ իր տատն է իրեն «մուկ» ասել, քանի որ փոքր ժամանակ կոնֆետները թաքուն, «մկան նման կերել է»: Սակայն Դավիթ Առաքելյանի դեպքում «ձուկ» մականվան մանրամասները պարզել չկարողացանք:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, եւ ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով»:


Այս խոստումը ծայրից ծայր դրժել է Նիկոլ Փաշինյանը. Արցախի հարցը նա լուծեց միանձնյա՝ անգամ ՀՀ նախագահն ու ԱԺ իր խմբակցությունը տեղյակ չէին, Սյունիքից կոնկրետ սահմանային հատվածներ Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ հանձնվեցին Ադրբեջանին, Տավուշի Կիրանց բնակավայրը կիսվեց միանձնյա՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ… սրանք միայն ՀՀ տարածքային ամբողջականության մասն էին, իսկ ներքին հարցերում միանձնյա գրոհները շարունակվում են: Այս տարվա մայիսի 9-ին ճիշտ այնքան մարդ էր հավաքվել Հանրապետության հրապարակում, որքան իր ելույթի օրը, եւ հավաքվածները Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, սակայն նա հրաժարական չտվեց: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը տոտալ խաբել է»:


 


 

Իրանը միակ պետությունն է, որ ունի Իսրայելի վրա հարձակում իրականացնելու կամք և ներուժ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ