Եվրամիությանն անդամագրվելու պահանջով ստորագրահավաքն ու դրա շուրջ ծավալվող զարգացումները ոչ այլ ինչ են, քան ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավ քաղաքական որոշ ուժերի կողմից: Նույնիսկ ՀՀ գործող իշխանությունը հասկացավ, որ Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին, ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեն ժամանակավրեպ է, և հասկացել են կամ ԵՄ-ից են հասկացրել, որ այնտեղ ՀՀ-ին չեն սպասում, ինչն ունի շատ օբյեկտիվ պատճառներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:
“Սկսած նրանից, որ մենք ԵՄ հետ կապված ունենք լուրջ լոգիստիկ խնդիրներ, վերջացրած նրանով, որ ունենք հակամարտություն, իսկ նման երկրները չեն կարող ԵՄ-ին անդամակցել՝ շատ են օրինակները, որ այդպիսիք տարիներով սպասում են: Մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկիրը՝ Վրաստանը, ինչպիսի ուղի է ընտրել՝ ազգային շահերը պաշտպանելու, որ չմիացավ հակառուսական պատժամիջոցներին և ոչ էլ դարձավ հակառուսական ճակատ, ինչը Արևմուտքը նրանից ակնկալում էր: Եվ հիմա այստեղ պրոարևմտամետ քաղաքական ուժերը ուզում են, որ Հայաստանը այդպիսին դառնա, դառնա երկրորդ ճակատ և կոչ են անում, որ ՀՀ-ն իր ավանդական բոլոր դաշնակիցների հետ կապը կտրի ու գնա մշուշոտ ճանապարհով, որտեղ, կրկնում եմ, մեզ ոչ ոք չի սպասում: Մեզ պարզապես ցանկանում են օգտագործել”,- նշեց Ղուկասյանը:
Նա հիշեցրեց, որ նույնիսկ այն երկրները, որոնք եվրոասոցացման պայմանագիր են ստորագրել ԵՄ հետ, դրանց տնտեսությունները անկում են ապրել, օրինակ էլ բերեց՝ Մոլդովան: Իսկ ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի տնտեսությունն ունի շեշտակի աճ. միայն առևտրաշրջանառությունը ՌԴ հետ տարեվերջին կկազմի 14-16մլրդ դոլար: Եվ այս ցուցանիշների ֆոնին պրոարևմտյան ուժերի նկրտումները գնալ դեպի ԵՄ իսկապես ծիծաղելի և անհեթեթ են.
“Դա հատկապես ցայտուն ընդգծվում է ԵՄ հետ առևտրաշրջանառության անկման ֆոնին՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ հետ այդ ցուցանիշը 23,7% անկում է արձանագրել: Ակնհայտ է, որ ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները ավելի ամուր են ու առաջանցիկ, քան հարաբերությունները ԵՄ հետ և ցանկացած փորձ թեքվել ՌԴ-ից դեպի արևմտյան կուրս չմտածված են և զուրկ պետության իրական զարգացման հեռանկարից»,- շեշտեց նա:
Այլ կերպ ասած՝ ՀՀ-ն իսկապես կորցնելու բան ունի՝ ոչինչ չստանալու ռիսկի դիմաց, քանի որ ԵՄ-ում մեզ չեն սպասում և դա պարզապես ֆեյք օրակարգ է:
«Այդ ճանապարհին էլ, երբ մենք ընդամենը տնային աշխատանք պիտի անենք, ՀՀ-ն դրանից միայն տուժելու է, միայն տնտեսական անկումներ ենք ունենալու»,- շեշտեց նա:
Նրա խոսքով, առաջիկայում կարևոր իրադարձություններ են սպասվում, հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրությունները շատ ու շատ բաներ կորոշեն տարածաշրջանում. «Բայց եթե Վրաստանը չի գնում եվրոպական ուղիով, կամ հակառակը՝ ինչպես տեսնում ենք, Թբիլիսիին ասում են, որ եթե դու չես ուզում դառնալ քաղաքական գործիք մեր արտաքին քաղաքական ծրագրերում, մեր շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար, ապա մենք չենք ուզում, որ դու լինես ԵՄ-ում: Եվ այս ամենի ֆոնին ես ուզում եմ հասկանալ այն ուժերի տրամաբանությունը, որոնք պնդում են, որ Հայաստանը պետք է ընտրի այն ուղին, որից հրաժարվում է Վրաստանը: Եվ այն դեպքում, երբ Վրաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ ռազմավարական լոգիստիկ նշանակություն ունի մեզ համար»:
Եթե ժամանակին, շարունակեց բանախոսը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Վրաստանը գնում է ԵՄ և մենք այլընտրանք չունենք, պետք է գնանք, այսօր իրողություն է փոխվում, ԵՄ-ում Վրաստանին չեն սպասում, ավելին՝ ուզում են փոխել իշխանությունը, որ այն կատարի արտաքին ուժերի ցանկությունները: Հետևապես Վրաստանում ընտրությունները շատ կարևոր են, որոշիչ դեր են խաղալու տարածաշրջանի և Հայաստանի համար: Ըստ էության, ավելացրեց նա, այս ուժերը Հայաստանում իրականում նաև պատրաստվում են 2026թ-ի ընտրություններին:
Եվ, շարունակեց նա, սա ընկալում է նաև որպես որոշակի ճնշում իշխանության վրա, որը փաստացի հրաժարվել է ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեից, քանի որ այսպիսով Նիկոլ Փաշինյանից հստակ պահանջում են գնալ քայլերի, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, որպեսզի ՀՀ-ն գնա այն կուրսով, որը հրապարակայնորեն իշխանություններն ընտրել են, բայց չեն գնում կտրուկ քայլերի. «Եվ որքան սրվում են միջազգային հարաբերությունները Արևմուտքի և ՌԴ միջև, դա արտացոլվում է մեր տարածաշրջանում և բնական է, որ մոտ ապագայում ՀՀ իշխանություններից սպասելու են հստակ քայլերի: Բայց մենք չպետք է տրվենք այդ ամենին, մենք պետք է առաջնորդվենք մեր պետական շահերով և ամեն ինչ անենք, որպեսզի պետական շահն ու ազգային շահը առաջ տանենք: Իշխանությունը պետք է շատ երկար մտածի և չգնա այն ուղիով, որը Հայաստանը կդարձնի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետ»,- ընդգծեց Արման Ղուկասյանը:
Ըստ բանախոսի՝ առաջիկա իրադարձությունները թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում պարտադրում են ՀՀ իշխանություններին լինել ավելի խոհեմ, պետականամետ, ռիսկերը ճիշտ կառավարող, որպեսզի մեր երկիրը հնարավորինս նվազագույն կորուստներ ունենա, որովհետև իսկապես տուրբուլենտ շրջան է սպասվում: