VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, որը կազմված է 22 անդամից (Վեհափառը, 14 սրբազաններ, 2 պատրիարք եւ աշխարհականներ), ինչպես հայտնի է, իր վերջին ժողովում քննարկել եւ որոշում էր կայացրել Մայր տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպան մասին: Մասնավորապես` որոշել էր հրավիրատոմսեր ուղարկել մի քանի հարյուր անձի` գործող եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, բարերարներ: Տաճարի ներսում տեղերը սահմանափակ են եւ մուտքը թույլատրված է միայն հրավիրատոմսերով: Մենք պարզեցինք, որ այդ ժողովի ժամանակ բավականին երկար քննարկում է գնացել, հակադիր կարծիքներ են հնչել: Առաջարկ է եղել` ոչ մի հրավիրատոմս էլ չուղարկել, հատկապես` գործող իշխանություններին, որոնք վերջին տարիներին բոյկոտել են եկեղեցուն եւ հոգեւորականներին, ամեն առիթով վիրավորել եւ նսեմացրել Մայր աթոռի դերն ու նշանակությունը: Սակայն այս տեսակետը պաշտպանել են Հոգեւոր Խորհրդի 22 անդամից միայն երեքը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եւ մի կեսբերան` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Մնացյալը բոցաշունչ ճառեր են ասել պետության, պետականության, իշխանության հետ` որպես պետության ներկայացուցիչների, հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին, մեծ բավականություն պատճառելով Վեհափառին, ով միշտ կողմնակից է իշխանությունների հետ «տալ առնելուն» եւ պատրաստ է ներել անգամ իր հասցեին ասված բոլոր վիրավորական խոսքերը` միայն թե թույլ տան մի քիչ մոտենա ՔՊ-ական արքունիքին:
Ամենազավեշտականն այն է, որ Հոգեւոր խորհրդի որոշումը հրապարակայնացրել է Մայթ Աթոռի դիվանապետը` Արշակ սրբազանը, որն անձամբ դեմ է եղել հրավերներ ուղարկելուն:
«Հրապարակը» գրում է․ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի թիրախում: Գաղտնիք չէ, որ նա եւ Սասուն Միքայելյանն ախոյաններ են, նրանց հակամարտությունը՝ Կոտայքն իրենց ենթարկելու համար, առճակատումների փուլ է մտել: Սակայն, ասում են՝ Ռոմանոսը նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիրախում է հայտնվել, որը գորշ կարդինալ դառնալու հավակնություն ունի եւ հետեւողականորեն աշխատում է, որ Ռոմանոսին դուրս մղի: ՊՎԾ պետի պաշտոնում նա իր մարդուն է ուզում տեսնել։ Բայց ՔՊ-ում կարծում են, որ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի, եթե, իհարկե, մեր հրապարակումը չկանխի այդ պաշտոնանկությունը, քանի որ, ինչպես ասում են ՔՊ մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսերից մեկը մամուլի գրածը չանելն է, եւ ցանկացած արտահոսքից հետո նա հրաժարվում է արդեն ծրագրված որոշումից: Սա անգամ հասկացել են նրա որոշ խելացի թիմակիցներ եւ իրենց պաշտոնանկության մասին լուրերն ամեն գնով օր առաջ դաշտ են նետում, որ կանխեն իրենց հեռացումը, եւ Փաշինյանը` լրատվամիջոցներին հակառակ, հետաձգի իրենց գործից ազատելը: Իսկ նման պաշտոններին մնալու ամեն օրը մի քանի հարյուր հազարից մինչեւ մի քանի միլիոնի եկամուտ է նշանակում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար մոտ 30 ստորագրություն է դեռ հավաքվել: Թեեւ Նիկոլ Փաշինյանին նախարարի հրաժարականի հարցով դիմելու համար անհրաժեշտ 24 ձայնը հավաքվել է, բայց, փաստացի, 71 անձից բաղկացած խմբակցությունում դեռ մոտ 30 ստորագրություն են հավաքել երեկվա դրությամբ: Կարելի է հետեւություն անել, որ կա՛մ ՔՊ-ում նախարարի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել, կա՛մ էլ ՔՊ-ականներին հետ է պահում այն, որ այս նախաձեռնության «ղեկավարը» Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ: Գրիգոր Մինասյանի հեռացման հարցը պետք է նախ քննարկվի ՔՊ խմբակցության նիստի ընթացքում, ապա ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը ՔՊ-ականների ստորագրությունները պետք է ներկայացնի Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, ՔՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաեւ, որ քիչ ստորագրությունների պատճառ կարող են լինել պատգամավորների գործուղումները, քանի որ այս օրերին իշխանականների մեծ մասը բացակայել է երկրից, մի մասն էլ խուսափում է ստորագրել, քանի որ կարծում են՝ գուցե այնքան էլ Փաշինյանի սրտով չէ այս նախաձեռնությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ-ում է. ուստի դեռ թիմակիցներին իր հստակ որոշման մասին չի հայտնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանին ԱՄՆ կառավարությունը 20 միլիոն դոլար է տրամադրելու, որը թեեւ մեծ գումար է թվում, բայց արժեզրկվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումների ֆոնին: «Ժողովուրդ» օրաթերթը օրինակներով ցույց կտա, թե ՀՀ իշխանությունը նման գումարներն ինչպես է ծախսում-մսխում: ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին՝ հայտարարել են հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից ՀՀ-ին 20 մլն 600 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ 20 մլն 600 հազար դոլարը համարժեք է մոտ 7 մլրդ 981 մլն դրամի։ Ինչ խոսք, լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին այդքան մեծ օգնություն է ուղարկում, բայց խիստ կասկածելի է, թե ինչպես կօգտագործի այս գումարը իշխանությունը: Թերթենք ԱՆԻՖ-ի հաշվետվությունները։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի մայիսին ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ), որի ծրագրերի համար ՀՀ պետբյուջեից ներդրվեց 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ՝ գրեթե 13 մլն դոլար: Այսինքն՝ պետությունը խոշոր ներդրում արեց, որը ձախողվեց, եւ 5 տարի անց պետությունն ԱՆԻՖ-ին անհատույց հատկացրեց եւս 1 միլիարդ 700 միլիոն դրամ պարտավորությունների մարման համար։
Այսինքն, ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց անօգուտ եւ դեռ 5 միլիոն դոլար էլ հատկացվեց, որ լուծարվի: Ու հիմա, երբ համեմատում ենք 20 մլն ԱՄՆ դոլարի օգնության սպասումը եւ ԱՆԻՖ-ի համար մեր աղքատիկ բյուջեից կատարած ծախսերը, տեսնում ենք, որ դրանք գրեթե հավասար են, քանզի ԱՆԻՖ-ն «արժեցավ» 18 մլն դոլար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, եւ պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, սակայն չհուղարկավորված զինվորի մարմին ու մասունք կա տարբեր դիահերձարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։ Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին՝ համարելով, որ ԴՆԹ նույնականացմամբ ստացված տվյալները հեռու են իրականությունից։ Դեռեւս 2023 թվականին անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպումներ ունեցող Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրապարակային հայտնել էր. «Մենք գործ ունենք այնպիսի իրողությունների հետ, որ պատկան մարմինները մարդկանց տվել են, օրինակ, երեք ձեռք, ասել են՝ երեք ձեռքն էլ ձեր որդունն է, տարե՛ք, հուղարկավորե՛ք։
Մի ծնող 1.82 մետր՝ բարձր հասակով տղա ունի, տղան 43 համարի կոշիկ է հագել, բայց, ըստ էության, ծնողին տվել են շատ ավելի փոքր՝ 1.60 մետր հասակով ԴՆԹ նույնականացման տվյալներ եւ ասել, որ պետք է հարմարվեք այդ իրավիճակին, Ձեր երեխան է: Այսինքն՝ նույնականացման դաշտում տեղի են ունենում իրադարձություններ, որ ուղղակի սյուրռեալիզմի դրսեւորում են»: Ծնողների` ԴՆԹ փորձաքննության արդյունքներին չվստահելու պատճառներից մեկն էլ այն է, որ զինծառայողի ֆիզիկական տվյալների եւ պետության կողմից նույնականացված մարմնի միջեւ ակնհայտ տարբերություն է գրանցվել։ Բացի դրանից, եղել են դեպքեր, երբ ծնողներն իրենց ուսումնասիրություններով պարզել են, որ իրենց որդին գերեվարված է, բայց անունը գերեվարվածների ցուցակում ներառված չէ։
«Ծնողներ կան, ովքեր ահռելի հետաքննական աշխատանք են կատարել, ուսումնասիրել են տարբեր կադրերով, կարելի է ասել՝ քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների գտնվելու վայրի եւ, ընդհանրապես, զոհվելու կամ չզոհվելու հանգամանքների, գերի ընկնելու հանգամանքների մասին, եւ այդ տվյալները, երբ այսպես համեմատում են եւ ամփոփում, ստացվում է, որ նրանց զավակները առնվազն չհաստատված գերիների ցանկում պիտի լինեն, բայց, փաստորեն, որեւէ կերպ այդ գերիները չեն հաստատվում», – նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Այս իրավիճակից շատ բան չի փոխվել 4 տարի անց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է։ Բոլոր ժամանակների հեղափոխականները փայլել են խոսքի ճարտարությամբ (Ռոբեսպիեր, Լենին, Ֆիդել Կաստրո), ըստ որի՝ հասարակությանը սկզբում կարողացել են ներարկել «նախկինների» կողմից, դիցուք, հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքար չծավալելու կեղծ թեզը, իսկ հիմա տապալում են ամեն ոլորտ: Իհարկե, առաջիկայում կներկայացվի առավել դետալային վերլուծություն՝ «հանցավորության մակարդակը ՀՀ-ում մինչ եւ հետհեղափոխական ժամանակաշրջանում»։
Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի տվյալ եւ փաստաթուղթ է ներկայացնում. գ 2017 թվականին ՀՀ-ում կատարվել է 20 հազար 285 հանցագործություն: գ 2023 թվականին այն կրկնապատկվել է, ինչը աննախադեպ է պետությունների իրավական վիճակագրության մեջ` 40 հազար 666 դեպք։ Իսկ մինչհեղափոխական շրջանում՝ 2017 թվականին, ՀՀ իրավապահ համակարգում քննվել է միայն կոռուպցիոն բնույթի 500 գործ, եւ քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց ցանկը ըստ ոլորտների ներկայացվում է ստորեւ»:
«Հրապարակը» գրում է․ Երեկ՝ կեսօրից հետո, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ շոու են բեմադրել Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում` 20 հոգու բերման են ենթարկել․ տնօրենին, նրա տեղակալին, ամբիոնի վարիչների, հաշվապահին, դասախոսների, անգամ՝ ուսանողների: Բերման է ենթարկվել նաեւ ռեկտորը` Լեռնիկ Պետրոսյանը, որը մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ինչ-որ գործ է քննվում` տարբեր մեղադրանքներ են ներկայացվել բուհի աշխատողներին եւ ուսանողներին: Իբրեւ թե` ուսանողները դասի չեն հաճախել, բայց քննություն, ստուգարք են ստացել: Ինչ-որ ֆինանսական չարաշահումների մեղադրանք էլ կա: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, որի հրամանով նշանակվում է Կապանի մասնաճյուղի տնօրենը, մեզ հետ զրույցում ասաց, որ Լեռնիկ Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, եւ նշեց, թե մասնաճյուղի աշխատակիցներից է իմացել, որ իրավապահները գործողություն են իրականացնում Կապանի մասնաճյուղում։
«Պաշտոնապես որեւէ տեղեկություն չունենք, մասնաճյուղի աշխատակիցներից ենք իմացել, որ ուժայինները գործողություն են իրականացնում մասնաճյուղում»,- ասաց նա։ Նկատենք, որ Կապանի մասնաճյուղի ռեկտորին նշանակելու հարցում դերակատարում է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի միջնորդությունը: Իսկ Սյունիքում իշխանությունը երկու թեւի է բաժանված․ մարզպետը` իր մտերիմ համայնքապետերի ու իր նշանակած պաշտոնյաների հետ, մյուս թեւում Դավիթ Դանիելյանն է, Գեւորգ Փարսյանը եւ այլ պաշտոնյաներ: Հ.Գ Ուշ երեկոյան տեղեկացանք, որ բուհից հետո խուզարկել են նաեւ ռեկտորի տունը: Երեկվա տվյալներով ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը, ինչպես նաեւ ռեկտորի քեռու կինը՝ Անիկ Խաչատրյանը ոստիկանության Կապանի ՁՎՊ են տեղափոխվել։
«Հրապարակը» գրում է․ Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող: Դրանց թվում են անգամ մանկավարժական, Բրյուսովի անվան, ագրարային համալսարանները, ֆիզիկական կուլտուրայի, թատրոնի եւ կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, գեղարվեստի եւ պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաեւ՝ մարզային բուհերը: Սրանով հող են նախապատրաստում այս բուհերի միավորման համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»:
Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժողովրդից թաքուն, առանց խորհրդակցելու, առանց Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելու, ստորագրեց փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, որով Ադրբեջանին էր անցնում Արցախի ավելի քան 75 տոկոսը։
2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել փաստաթղթի, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս փաստաթղթին հավանություն տալուց առաջ Նիկոլ Փաշինյանը չի քննարկել հանրության հետ, չի լսել հանրության կարծիքը, Հանրապետության հրապարակում չի հավաքել ժողովրդին, ինչպես խոստանում էր։ Այդ համաձայնության մասին, հանրությունը իմացել է մամուլի արտահոսքերից, պաշտոնական հայտարարություն չի արվել։
2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։ Այս փաստաթուղթը եւս ընդունվել է՝ առանց ժողովրդի իմացության եւ գործընթացին՝ ժողովրդի մասնակցության։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին»: