ԱՄՆ-ն 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը
Սեպտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով վավերացվում է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացման համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի առաջին փոփոխությունը:
Առաջարկվող փոփոխության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ընդհանուր գումարը կավելանա 130 միլիոն դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր ներդրումները հասցնելով 250 միլիոն դոլարի: Այս միջոցները կուղղվեն համաձայնագրի շրջանակներում ծրագրերի շարունակմանն ու ընդլայնմանը:
Լրացուցիչ ֆինանսավորումը նախատեսվում է օգտագործել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են աղետների ռիսկերի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և ներառական տնտեսական զարգացումը: