24.11.2024
Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության օրակարգի ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։

Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառող) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։ Ըստ այդմ, պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով։


Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դեռևս ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող 23 տրանսֆորմատորային ենթակայանն, անվտանգության նկատառումներից ելնելով, դուրս կբերվի և տեղ կգտնի այդ նպատակով կառուցվելիք առանձին շենքային պայմաններում։ Եվս 31 ենթակայան կարդիականացվի և կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին։

Վերը նշված ծրագիրն իրագործելու նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ն նախատեսում է ներդնել շուրջ 6․7 միլիարդ ՀՀ դրամ։ Ծրագիրը կիրականացվի 2-3 տարվա ընթացքում։

Քաղաքապետ Ավինյանը ողջունել է գաղափարը և հատկանշել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների չափով հնարավորինս պատրաստ է օժանդակել ծրագրի անխափան ընթացքին։