24.11.2024
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են դատախազություն
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները

Այս երկու օրերի ընթացքում քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձեւաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-18-ը՝ Ծաղկաձորում:


Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ զեկույցի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: Նա նշել է, որ քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, որը ներկայացվելու է ԱԺ, ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին եւ առաջարկվող լուծումներին, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:


Հանդիպման մասնակիցները քննարկել են Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում մեր երկրին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բանախոս Տաթեւիկ Ղարիբյանը նշել է, որ օրենսդրական բարելավումներ կան, մասնավորապես, ընտանեկան բռնության, երեխայի իրավունքների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի մասերով: Ըստ նրա՝ դեռ անելիքներ կան իրազեկումների, իրավագիտակցության բարձրացման, ռեսուրսների ավելացման հետ կապված հարցերում:


Քննարկումներ են ծավալվել նաեւ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից իրականացման վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 6 բանաձեւի կատարմանն ուղղված միջոցառումների շուրջ: Փորձագետ Արա Ղազարյանը նշել է, որ մայիսից արդյունավետ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի նախագծի բարելավման ուղղությամբ, որի վերաբերյալ կա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Անդրադարձ է կատարվել նաեւ վերադարձի իրավունքի բաղադրիչին:


Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ՀՊԴ շրջանակում խորհրդարանի եւ գործադիրի միջեւ աշխատանքների կազմակերպման միջազգային փորձը: Կարծիքներ են հնչել առավել խնդրահարույց հարցերի վերաբերյալ:


Քննարկումներին մասնակցել են պատգամավորներ, գործադիր իշխանության եւ քաղհասարակության ներկայացուցիչներ: