Փաշինյան. 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ։ Այս հայտարարությունը հնչել է սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Նաև անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվել է», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է, որ ներքին գործերի նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք-զինամթերքի որոնման մեթոդաբանությունը։
«Այն մեթոդաբանությունները, որոնցով աշխատել ենք, չեն համապատասխանում նոր մարտահրավերներին։ Նոր մեթոդների կիրառությամբ՝ մենք արդեն որոշակի ոչ մեծ արդյունքներ ունենք։ Այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել», - նշել է կառավարության ղեկավարը:
Փաշինյանն արձանագրել է նաև, որ երկրում շատացել է օրինական զենքի քանակը։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե որքանով է զենքի ձեռքբերումն օրինակելի հանդուրժող հասարակություն ունենալու տեսանկյունից, և այս հարցում որ ուղղությամբ է պետք շարժվել։