11.10.2024
Փողը՝ հեծանիվին, փողը՝ քամուն
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն պատրաստվում է․ պետք է լավ «մարզել մկանները». ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ ՔՊ խմբակցության պատգամավորներին արդեն ծանուցել են՝ մեկ մարդու պես ներկա լինել ուրբաթ օրվա խմբակցության նիստին․ տեւական դադարից՝ ամառային արձակուրդներից հետո սա առաջին նիստն է լինելու: Նիստը կարեւոր է նաեւ նրանով, որ երկուշաբթի կմեկնարկի խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում թեեւ հարաբերական անդորր է, եւ թեժ աշնան մասին հայտարարություններն էլ ֆանտազիաների ժանրից են, բայց ամառային գործընթացները, մասնավորապես՝ Փաշինյանի ակտիվությունն ու կուսակցական կառույցները կարգի բերելուն միտված քայլերը հուշում են, որ քաղաքական իրադարձությունները կարող են անակնկալ զարգանալ, ուստի պետք է խորհրդարանի աշխատանքներից առաջ լավ «մարզել մկանները»։ Ի դեպ, լավատեղյակ անձինք ծիծաղում են բոլոր նրանց միամտության նրա, որոնք հույսեր են փայփայում, թե երբեւէ Փաշինյանը կամովին կհրաժարվի պաշտոնից եւ խաղաղ ճանապարհով իշխանությունը կհանձնի որեւէ այլ ուժի կամ անձի:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բոլորը մոռացել են, որ Մամիկոն Ասլանյանին մոտ 3 տարի կալանավայրում պահեցին համայնքային հողերի հետ կապված մեղադրանքով, որ նա թույլ էր տվել մի վանաձորցու՝ գերեզման սարքել համայնքի հողերի վրա, եւ բավարարվել էր նրան տուգանելով: Պարզվում է` այս փարիսեցի իշխանությունները չեն նկատել, որ Լոռվա նախկին մարզպետ, ՔՊ-ական Արամ Խաչատրյանի վաղամեռիկ կնոջը հուղարկավորել են Վանաձորի գերեզմանատան տարածքից դուրս՝ բարձրավոլտ էլեկտրասյան տակ:


Այսինքն՝ մի տարածքում, որը համարվում է վաճառքի ոչ ենթակա համայնքային սեփականություն։ Ընդ որում, եթե Ասլանյանի գործով անցնող անձն ինքնակամորեն խախտել էր գերեզմանոցի սահմանները, ինչի մասին կարող էր համայնքի իշխանությունը տեղյակ չլինել, ապա Խաչատրյանի կնոջ գերեզմանն ակնհայտորեն դուրս է գերեզմանոցի օրինական սահմաններից, տարածքը հարակից է Մ6 միջպետական մայրուղուն։ Փաստորեն, մասնավոր գերեզմանատուն է սարքել: Բայց այստեղ մի կարեւոր տարբերություն կա` Մամիկոն Ասլանյանը ՔՊ-ական չէ, ժամանակին եղել է ՀՀԿ-ական եւ Փաշինյանի հետ կապ չունի, իսկ Արամ Խաչատրյանը սրսուռ ՔՊ-ական է` ՔՊ-ի պաշտոնյա եւ նիկոլական: Ասլանյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով․ ըստ իրավապահների՝ սեփականաշնորհման ոչ ենթակա հողակտորներից մեկն օտարվել է նախկին համայնքապետի մտերիմի կնոջ մորը։



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 20-ին «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման պատճառը, պարզվում է, իշխանականներին փոխկապակցված ընկերության կողմից մարզադաշտի կառուցումն է։ Այսինքն՝ իշխանության հետ ԽԾԲ-ի գործոնով կատարված գործարքները ոչ մի կերպ լավ ազդեցություն չեն ունենում։ «Հետք»-ը գրել էր. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈՒԵՖԱ-ն։ Մարզադաշտը վերակառուցել եւ նորոգել է մի ընկերություն, որը կապվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իհարկե՝ ՀՖՖ նախագահի քավորությամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզադաշտի վերանորոգման համար մրցույթին մասնակցել է եւս մեկ ընկերություն, որն առաջարկել է մարզադաշտը վերակառուցել 50 մլն դրամ էժան գնով։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ մարզադաշտի վերակառուցման մրցույթը հաղթելու գործում միջամտել է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: Մենք Արմեն Փաբուխչյանից փորձեցինք ճշտել, թե անուղղակի կերպով ի՞նչ աղերսներ ունի Աբովյանի մարզադաշտը վերանորոգող ընկերության հետ։ «Վերանորոգման համար հայտարարված մրցույթին ընկերություններից մեկը հաղթած ընկերության առաջարկած արժեքից 50 մլն դրամ էժան գնով է առաջարկել կառուցել, սակայն Ձեր հովանավորությամբ հաղթել է 783 միլիոն դրամ առաջարկած ընկերությունը», ի պատասխան՝ փոխաղաքապետը ասաց. «Առաջին անգամ եմ լսում այդ մասին, մյուս կողմից՝ կցանկանամ տեղեկանալ, թե դա ի՞նչ ընկերություն է, ո՞ւմ է այն պատկանում եւ ինչպե՞ս է հնարավոր այդ ամենը կապել իմ անձի հետ։ Բացարձակ տեղեկացված չեմ»,- պատասխանեց Փամբուխչյանը։


Նա թեեւ նրբորեն անտեղյակ է ձեւանում, սակայն իշխանության կողմից նման հարցերում ներգրավված լինելն արդեն սովորական է դարձել, երբ նշում են՝ կապ չունեն կառուցապատման հետ, սակայն ներգրավված անձը հորեղբայրն է կամ հորեղբորորդին, ընկերը կամ ընկերոջ հարեւանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել: Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին «Հրապարակ»-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ներկա է եղել նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյաները վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ «Вот такая доля воровскаяа»-ն, ու մարզպետը ընդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։


Եվ ահա, իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են այս օրերին տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար: ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է: Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյաները՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի եւ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, կրկին մնացին անպատիժ. մարդիկ, որոնք պարտավոր էին հասարակական վայրերում պատշաճ վարքագիծ դրսեւորել: 


Հիշեցնենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն ու այլ ՔՊ պաշտոնյաներ հայտնվել են աղմկահարույց միջադեպերի կիզակետում, սակայն միշտ ջրից չոր են դուրս եկել, իսկ հիմա էլ մարզպետն է մի երգի համար ռեստորանում կռիվ հրահրել ու շարունակում է մնալ անպատիժ, ավելին՝ իրավապահներն են նրան այցելում: Իսկ ինչո՞վ է իրավիճակը տարբերվում նախկին «լիսկաների» ժամանակներից. Արագածոտնի մարզում «լիսկաները» գլուխ են բարձրացրել ու իրավապահների տեսադաշտից դուրս են մնում մինչ օրս, փոխարենը քրեական աշխարհի ներկայացուցիչներն են առաջնահերթ ձերբակալվում: «Ժողովուրդ» օրաթեթը այս իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ մարզպետ Սերգեյ Մովսիսյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ ահա Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի օգնականը վստահեցրեց, որ քաղաքապետը միջադեպի հետ կապ չունի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2023 թվականի հունիսի 13-ին հայրենի իրավապահ համակարգը կասկածելի հանգամանքներում կոծկեց «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Շերեփ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը. սակայն, օրերս աղմկահարույց բարեկամական ճաշը փարատեց բոլոր կասկածները: Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից ճաշ էր մատուցվել՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի համար: Ճաշկերույթին ներկա էին ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարաի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը եւ «նորօրյա օլիգարխ» Դավիթ Երեմյանը: Տեսանյութում ակնհայտ երեւում է, թե ինչպես է գործարարը փորձում առանձնահատուկ ջերմությամբ շփվել վարչապետի տիկնոջ հետ:


Այդ հանդիպման մեջ զավեշտալին այն է, որ բիզնեսմենը Գլխավոր դատախազի հետ ճաշի է մասնակցում՝ օգտվելով նրա անպատժելիության հովանավորությունից: Այդ կադրերից հետո վերհիշեցինք Դավիթ Երեմյանին պատկանող բիզնեսներին առնչվող աղմկահարույց դեպքերը: 2023 թվականի մայիսի 11-ին հրապարակվել էր, որ մայիսի 9-ին Երեւանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջեւ խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուքի միջադեպը։ Պարեկները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել եւ ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։ Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում վճարման հաշվի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, եւ մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ։


Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել նշված ռեստորանի տնօրեն, Երեւանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երեւանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, որը նշված ռեստորանի հյուրընկալն է եղել, Երեւանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես պահեստապետ, եւ ոստիկանություն էր հրավիրվել նաեւ Երեւանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։


Նույն դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն եղել։ Այսինքն՝ միջադեպը եղել է մայիսի 9-ին, դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել երկու օր անց, սակայն երկու օրվա ընթացքում իրավապահները պարզել են, որ հանցագործության դեպք չի գրանցվել։ Թե ինչպես է ստացվել, որ հանցանք չկա, այն դեպքում, երբ հաճախորդները դժգոհ են մնացել, աշխատակիցները վիճաբանել են, անհասկանալի մնաց: Հարց էր առաջանում՝ ինչո՞ւ նման «օպերատիվությամբ» քննիչները չեն քննում նմանօրինակ դեպքերը եւ կարճում, ինչպես Երեմյաններին պատկանող ռեստորանի միջադեպն էր, չեն տանում բերում աշխատակիցներին:


Թե ինչի դիմաց են քննչական գործունեություն ծավալողները փրկել Երեմյաններին այս միջադեպից, հիմա արդեն պարզ է: Գործարար Դավիթ Երեմյանը, իշխող ՔՊ-ի համար անցանկալի մարդ չէ, ավելին՝ Գլխավոր դատախազի հետ է նստում-վեր կենում. իսկ ինչ է սա, եթե ոչ կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում»:


«Հրապարակը» գրում է․ Մշակութաբան Հայկուհի Մուրադյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահն ինքն է ղեկավարում Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության յուրացումը։ 2 թիրախ ունեն ադրբեջանցիները` մեր հերոսների արձանները, ցեղասպանության զոհերի հուշահամալիրները, առաջին ազատամարտում զոհվածների հիշատակի հուշահամալիրները եւ հայկական գերեզմանոցները, հատկապես՝ միջնադարյան, որոնք վկայում են, որ հայերն այստեղ ապրել են դարերով: Եթե հիշում եք, թշնամին գրավել է նաեւ Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի գերեզմանոցը, եւ մարդիկ ոչ միայն չեն կարողանում այցելել իրենց հանգուցյալների գերեզմաններին, այլեւ մահացածներին հուղարկավորել: Երեկ մենք տեղեկացանք, որ Ներքին Հանդում նոր գերեզմանոց են հիմնել, որտեղ արդեն մեկ հուղարկավորություն կատարվել է:


«Հրապարակը» գրում է․ Մեր տեղեկություններով՝ երեկ ձերբակալություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Նախնական տեղեկություններով՝ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ, նաեւ՝ տնօրենը։ Խոսքը մոտ 10 անձի մասին է: Ֆաբրիկայի տնօրենը Բագրատ Դարբինյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան չհերքեցին փաստը, միայն փոխանցեցին, որ այս պահին մեկնաբանություն չունեն։ Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ առավոտյան անսպասելիորեն քաղաքապետարան են ժամանել ԱԱԾ աշխատակիցներ եւ իրենց հետ տարել են ճարտարապետական բաժնի պետ Սուրեն Աբովյանին: Ի դեպ, նա Մամիկոն Ասլանյանի նշանակած կադրն է եւ անցնում է նաեւ Ասլանյանի քրեական գործով: Մեզ ասացին, որ համատիրությունից դրական բնութագիր են ներկայացրել Աբովյանի վերաբերյալ, որպեսզի կալանք չկիրառվի: Ինչ վերաբերում է «Գլորիա» ֆաբրիկային, ապա սա Վանաձորի ամենանիկոլական կոլեկտիվն է, որը 2018 թվականին փողոցից տուն չէր գնում եւ հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր


 


 


 

Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները