Շնորհավոր Անկախության հռչակագրի օրը. Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Նույնիսկ մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Անկախության հռչակագիրը կարող է վիճարկման առիթ դառնալ կամ մաս կազմել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Այսօր արդեն դա փաստ է, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն անամոթաբար հայտարարում է, որ եթե Սահմանադրությունը չփոխենք(նկատի ունի Հիմնական օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելը), «ցլերը մեզ կհոշոտեն»:
Անկախության հռչակագիրը մեր իրականության բացառիկ ու, թերևս միակ փաստաթուղթն է, որն ընդունվել է քաղաքական և հանրային բացարձակ կոնսենսուսով:
Անկախության հռչակագիրը հենց Իրական Հայաստանի մասին է, ինչքան էլ ոմանք փորձեն հակառակը պնդել:
Անկախության հռչակագիրն ընդունվել է ԽՍՀՄ գոյության տարիներին և դրանում արտահայտված «միացման» կոնցեպցիան իր ուժն ավտոմատ կորցրել է ԽՍՀՄ փլուզումից հետո:
Պատահական չէ, որ Հռչակագրով սկսված Անկախության գործընթացը իր վերջնական հանգրվանն ունեցավ 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, որն անցկացվել է բացառապես ՀԽՍՀ տարածքում:
Ըստ այդմ, Հայաստանի Անկախության հռչակագրում և Սահմանադրության տեքստում չկա հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջի որևէ դրսևորում՝ ի հեճուկս Բաքվի և նրա հայաստանյան խամաճիկների պնդումների:
Շնորհավոր Անկախության հռչակագրի օրը:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց