23.11.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումը մեկնարկել է
prev Նախորդ նորություն

ԵՄ-ում և ՌԴ-ում հայտնել են նոր տենդի մասին. ինչո՞վ է այն սպառնում

ԵՄ-ում հայտնել են Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 69 դեպքի մասին: Այս մասին գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ապա շարունակում, որ դեպքերի ամենամեծ թիվը հայտնաբերվել է Հունաստանում և Իտալիայում, նշված է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հրապարկման մեջ:


"Եվրոպայի ութ երկրներ հուլիսի 31-ի դրությամբ հայտնել են Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսով վարակման 69 դեպքի մասին: «Վիրուսի փոխանցման սեզոնն արդեն գագաթնակետին է հասնում»,- հայտնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) մամուլի բաժինը:

Դեպքերի ամենամեծ թիվը, որը գրանցվել է Հունաստանում և Իտալիայում կազմում է համապատասխանաբար` 31 և 25:
Բացի այդ, վարակման դեպքեր են գրանցվել նաև Իսպանիայում (5), Ավստրիայում (2), Հունգարիայում (2), Սերբիայում (2), Ռումինիայում (1) և Ֆրանսիայում (1): Մահվան ելքով պատահարներ են գրանցվել Հունաստանում (5), Իտալիայում (2) և Իսպանիայում (1): Ինչպես նշում են փորձագետները,- «Եվրոպայում Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսով վարակման դեպքերի թվի սպասվող սեզոնային աճը դիտվել է այս տարվա հուլիսից»։ Հունաստանում և Իսպանիայում այս տարվա ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախորդ տարի։

Հիվանդության կլինիկական և ծանրության ցուցանիշները նման են նախորդ տարիների ցուցանիշներին: Հաշվի առնելով Եվրոպայում վարակի տարածման համար բարենպաստ եղանակային պայմանները` առաջիկա շաբաթներին ու ամիսներին սպասվում են հիվանդության նոր դեպքեր։ Մարդկանց վարակման մոտ 20%-ի դեպքում հիվանդության ընթացքին սովորաբար բնորոշ են լինում այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավը, տհաճության զգացումը, ջերմությունը, փսխումը և հոգնածությունը, վարակի դեպքերի 1%-ի դեպքում կարող է գրանցվել նյարդային համակարգի ախտահարում:

Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով: Ամենից հաճախ վարակումը տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։ Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ:

Եվրոպայում վիրուսը լայն տարածում ունի Culex pipiens մոծակների առատության պատճառով, որոնք վիրուսի հիմնական վեկտորներն են: Եվրոպայի համար մոծակների այս տեսակը էնդեմիկ է և առկա է բոլոր երկրներում:

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումներ ներառում են` մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի՝ ընթացիկ տարում գրանցված դեպքերի ընդհանուր թիվը սպասելի միջակայքում է գտնվում:

Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի տարածման պատմությունը սկսվում է 1960-ականներին Ֆրանսիայում առաջին դեպքերի հայտնաբերմամբ: Արևմտյան Նեղոսի տենդի բռնկումներ գրանցվել են Ալժիրում 1994թ.-ին և Ռումինիայում 1996թ.-ին, որտեղ տեղի է ունեցել զգալի թվով հոսպիտալացման և մահվան դեպքեր` 393 և 17:

Վիրուսը գրանցվել է Իտալիայում 1998թ.-ին և Ֆրանսիայի հարավում՝ 2000թ.-ին, որի ժամանակ գրանցվել են էնցեֆալիտի դեպքեր։ Մինչև 2008թ.-ն Իտալիայում մարդկանց մոտ հիվանդության բարդացած դեպքերը փաստաթղթավորվում էին: Իսպանիայում և Պորտուգալիայում վարակը տարածվել է 2010թ.-ին։ Մարդկանց շրջանում համաճարակներ են գրանցվել Բալկանյան տարածաշրջանում 2011 և 2012թթ.-ին: ԵՄ-ում մարդկանց շրջանում ամենամեծ բռնկումը տեղի է ունեցել 2018թ.-ին՝ ազդելով 11 երկրների վրա, որի արդյունքում վարակվել է 1548 մարդ: 2020թ.-ին ԵՄ-ում նկատվել են տենդի բռնկումներ, այդ թվում՝ Իսպանիայում և Նիդերլանդներում։

Վերջերս Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես` Ռյազանի մարզում հայտնաբերվել է 3 դեպք, Թաթարստանում` 15 դեպք, Աստրախանի մարզում՝ 4 դեպք և Կրասնոդարի երկրամասում` 1 դեպք: Նշենք, որ 1999թ.-ից այս հիվանդությունը էնդեմիկ է դարձել Ռուսաստանի հարավում և տարածվել երկրի այլ շրջաններում:

Հատկանշական է, որ աշխարհում տվյալ վարակի տարածումը կապված է գլոբալ տաքացման հետ: Ջերմաստիճանի բարձրացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում փոխանցողի բազմացման համար: Օրինակ, 2024թ. նման մոծակներ հայտնաբերվել են Ֆինլանդիայում, այժմ դա նրանց տարածման ամենահյուսիսային կետն է"։