Ավանդական տարազներ, հայկական զարդանախշեր. Երևանում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը
Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որի մասնակիցները հանրությանը ցուցադրեցին ավանդական տարազներ, ինչպես նաև տարազային, հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող ժամանակակից հագուստ: Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն»-ի նախաձեռնությամբ:
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:
Տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, ներկայացվեցին Սարդարապատի թանգարանի, Ժող․ արվեստի թանգարանի, Թումանյանի թանգարանի, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությունը, ինչպես նաև արհեստագործ վարպետների աշխատանքները:
«ՏԱՐԱԶֆեստ»-ի համերգային ծրագրին մասնակցեցին ազգագրական երգի-պարի համույթներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, սիրված երգիչ-երգչուհիներ, ֆոլկ բենդ և երիտասարդ հայուհիներ: Երկօրյա փառատոնի շրջանակում անցկացվեց հագուստների ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեցին «Տերյան մշակութային կենտրոն»-ի և դիզայներներ Անահիտ Բավեյանի, Գայանե Մանուկյանի, Գևորգ Շադոյանի, Շուշան Հարությունյանի, Սոֆյա Մովսիսյանի հավաքածուները:
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակն է մասսայականացնել և հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին: