23.11.2024
Անել նոր որակի քայլեր, որոնք շրջանցում են «հեծանվորդի» գործոնը
prev Նախորդ նորություն

Արցախցի գերիների առողջական վիճակը վատթարացել է. ի՞նչ է ասել Արայիկ Հարությունյանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մոտ մեկ տարի է, ինչ ապօրինի կերպով պահվում է Բաքվում։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ռազմական ապօրինի գործողություններ հրահրելուց հետո՝ Ադրբեջանը շինծու մեղադրանքներով գերեվարեց Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և գեներալ Դավիթ Մանուկյանին: Նրանք մինչ օրս պատանդի կարգավիճակով պահվում են Բաքվի բանտում կալանքի տակ: 


Այս ընթացքում բազմիցս ահազանգեր են ստացվում Բաքվում գտնվող արցախցի պաշտոնյաների առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին դարձյալ կտրուկ վատացել է ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը, ինչը փաստում է Բաքվի բանտերում նրանց նկատմամբ անմարդկային եւ միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ վերաբերմունքի մասին։ Մեր տեղեկություններով՝ Լևոն Մնացականյանի մոտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել․ հիվանդությունը Բաքվի բանտային պայմաններում ավելի է սրվել։


ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի: Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դեռ ապրիլին էր հայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը: Հացադուլի ու պահման վատ պայմանների պատճառով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը եւս վատթարացել է: Իսկ Արայիկ Հարությունյանն իր հարազատների հետ խոսակցության ժամանակ հասկացրել է, որ հույսները կտրեն իրենց վերադարձի հետ կապված ու ապրեն առանց իրենց: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե երբ են պատվիրակները վերջին անգամ այցելել Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին եւ առողջական ինչ վիճակում են նրանք.


«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Բաքվում պարբերական կերպով շարունակել են տեսակցել բոլոր հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Պահվող անձանց թվում են նաև մարդիկ, որոնց անունները մեր կազմակերպությանը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Վերջին նման տեսակցությունն այդ անձանց հետ տեղի է ունեցել հուլիս ամսվա ընթացքում և, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում եղել են և շարունակում են մնալ այս անձանց առողջական վիճակը և նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները․ սակայն մեկնաբանել հանրային հարթակում այս ամենը մեր կազմակերպությունը չի կարող, քանի որ, ըստ ընթացակարգի, անհանգստացնող ընթացիկ կամ ընդհանուր հարցերը, որոնք վերաբերում են այս խնդիրներին, քննարկվում են միայն իշխանությունների հետ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։ Միակ բանը, որ կարող եմ ավելացնել, այն է, որ մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասաց Ամատունին: Հուսանք՝ մեր հրապարակումից հետո միջազգային հարթակներում ահազանգը չեն թողնի անպատասխան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց քրեական գործով մեղադրյալների կալանքի ժամկետը, դատարանի որոշմամբ, երկարաձգվում է։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնում է նաև Pink berry-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, որը, ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է։ Նա կալանավորվել էր, ու օրերս կալանքի ժամկետը դատարանը եւս 20 օրով երկարաձգել է։ Ավելին` այսօր վերաքննիչ դատարանը քննելու է դատախազության բողոքը, որով նա պահանջում է Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել բանտ, եւ որ նա տանը չկրի կալանքը. տեսնենք, թե ինչ կասի ՀՀ վերաքննիչ դատարանը։


Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։ ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են: Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և համակցված` գրավը՝ 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեղադրյալ Ներսես Խաչատրյանը, համաձայն տարբեր հրապարակումների, համակարգում է իշխանությունների քրեաիրավական հարձակումները ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն ինքը՝ Խաչատրյանը, առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես մեղադրյալ (2010 և 2019 թթ․)։ Զավեշտալին այն է, որ անկախ համարվող արդարադատական համակարգը, չգիտես՝ ինչ պատճառով, սահմանափակել է Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրի դատական գործերի հասանելիությունը։ Հավելենք, որ «Դատալեքս» համակարգում՝ «ինֆորմացիան սահմանափակված է» նշագրում, ըստ տարբեր դիտարկումների, ունեն մոտավորապես հազար գործից մեկը` 0.1 տոկոսը, այլ կերպ ասած՝ բացառիկ դեպքերում է դատական գործի ինֆորմացիան փակ, երբ խոսքը վերաբերում է մանկահասակներին, անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը և այլ բացառիկ դեպքերին: Հուսով ենք՝ ՀՀ իշխանություններին ժողովրդավար համարող միջազգային կառույցները կվերանայեն իրենց կարծիքը դատական անկախ համակարգի և դրա սպասարկման վերաբերյալ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած, զոհ ունեցող 4 ընտանիքներին 1 միլիոն դրամ աջակցության տրամադրումը։ Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես՝ Ալավերդի համայնքի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։ Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կտրամադրվի 40 000 դրամ։


Հայտարարվեց, որ աջակցության գումարները կվճարվեն նաև դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։ «Ժողովուրդ» օրաթերթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացավ, որ փոխանցումներ դեռ չեն կատարվել, դրանք կլինեն առաջիկա շաբաթվա ընթացքում։ Դիմումների ներկայացման ժամկետը մինչև օգոստոսի 31-ն է։ Կա շահառու 250 ընտանիք, 850 անձ, ստացվել է դիմումների 80%-ը։ Հետաքրքիրն այն է, որ կան ընտանիքներ, որոնք բացի նյութական վնասից կորցրել են նաև տունը, տանիքը։


Գրեթե 3 ամիս է՝ կառավարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աղետի վնասի գնահատում են իրականացնում, որի արդյունքը այդպես էլ չի երևում։ Ենթակառուցվածքները, տները Լոռու և Տավուշի մարզերում ջրից քայքայվել են, շինությունների ներսում եղած ապրանքը դարձել է անպիտան, սակայն կառավարության ներկայացուցիչները տեղի տուժած բնակիչներին տալիս են սիմվոլիկ 40 կամ 60 հազար դրամ, որը կրած վնասի անգամ 25 տոկոս ծախսը չի բավարարելու։


Փոխարեն տնետուն անցնելու և հատ-հատ հաշվառելու տուժածների գույքը՝ կառավարությունը հայցում է դիմումներ։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որը աղետի գոտուց ինտենսիվ ուղիղ եթերներով էր հանդես գալիս, ֆեյսբուքյան էջում հուլիսի 10-ից հետո որևէ հրապարակում չունի։ Հուլիսի 10-ի հրապարակումն էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովման ծրագրի մասին է։ Լոռու և Տավուշի մարզերում կամուրջներ կան, որոնք մի քանի անգամ կառուցվել էին գետերի վարարումից հետո՝ ժամանակավոր կիրառման համար․ կանգնեցնելուց հետո դրանք պարզապես փլչում էին։ Բնակավայրեր կան, որոնց կապը քաղաքի հետ կապող կամուրջները ոչ միայն կիսախարխուլ են, այլ նաև վտանգավոր նույնիսկ ոտքով անցնելու համար։ Արդյոք, Հայաստանն ունի՞ հավելյալ բյուջե՝ մի քանի անգամ նույն կամուրջը կառուցելու, ապա »ջրին հանձնելու» համար։ Ասել, թե սա իշխանության անտարբերություն է, կնշանակի ոչինչ չասել»: