ՀՀ-ի և Հունաստանի ՊՆ-ների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է. Գարինիս
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հունաստանի երրորդ բանակային կորպուսի հրամանատար, Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթանասիոս Գարինիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Վերջինս բարձր է գնահատել ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հույն-հայկական բարեկամական հարաբերությունները՝ արձանագրելով, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան և այս տարվա մարտին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև հայ-հունական երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում առկա ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին։