24.11.2024
«Սերդեչնի պրիվետ» ԵՄ–ից ու ԱՄՆ–ից
prev Նախորդ նորություն

Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Սյունիք այցի ընթացքում՝ գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, ուշագրավ տեղեկություն է հայտնել։ Հարցնում էին հունիսի 12-ի դեպքերին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների արձագանքի մասին, որ ոչ միայն չդատապարտեցին իշխանությանը՝ հատուկ միջոցներ կիրառելու եւ ոստիկանության վայրագությունների համար, այլեւ տեղ-տեղ անգամ մեղադրեցին ցուցարարներին։ Սրբազանն ասաց, որ մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ապա պատմեց դեսպանատներից մեկից իրենց փոխանցված խայտառակ պատասխանը։ «Այդ դեսպանատուն մեր հայրենակիցները նամակ են ուղարկել, խոշոր էլ երկիր, մեծ խաղացող՝ Եվրոպայից, նամակի հետ՝ ոստիկանական վայրագությունները՝ տեսանյութերով, որ 30 հոգով մարդ են ծեծում, կանանց, երեխաների վրա ռումբ են նետում, ծեծում-ջարդում են։ Ի՞նչ են պատասխանում․ ասում են՝ այո, այս դրվագները սարսափելի են, սրանք ուղղակի անընդունելի են, բայց ավելի պակաս սարսափելի են, քան այն, որ ռուսամետները պիտի գան իշխանության, ավելի ճիշտ՝ ռուսական գործակալները»։ Բագրատ սրբազանը չհրապարակեց երկրի անունը՝ ասելով, որ նման իրավասություն չունի, սակայն, մեր տեղեկություններով, խոսքը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիի մասին է։ Նրա անունից են նման պատասխան փոխանցել շարժման ակտիվին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Տեւական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։ Հուլիսի 4-6-ն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաք` աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։ Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ շրջագայում է միայն արեւմտյան երկրներում, իր հակառուսական հայտարարությունների պատճառով թերեւս անցանկալի պաշտոնյա է համարվում ՌԴ-ում, ինքն ու Մարիա Զախարովան հեռակա ռմբահարում են միմյանց, եւ գուցե ինքն էլ է խուսափում Ռուսաստան մեկնելուց, ուստի վերջին շրջանում Ռուսաստան գործուղումների եւ ռուսական շրջանակների հետ հանդիպումներին մասնակցում է Հակոբ Արշակյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լիդիանը ՀՀ-ին «նվիրել» է վիթխարի վնաս: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարին երջանկություն պարգեւեց ՀՀ ժողովրդին՝ հայտարարելով, որ Ամուլսարի հանքի շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությանն է նվիրել բաժնետոմսերի 12.5 տոկոսը, եւ որ դրանք իրենցը` կառավարությանը չեն, այլ ՀՀ հպարտ քաղաքացունն ու ժողովրդինն են։ Ստացվում է, որ մենք, բոլորովին անտեղյակ, ստանում ենք «նվեր» մի կազմակերպության բաժնետոմսեր, որը 2023 թվականի պաշտոնական արդյունքներով՝ հարկային վնասի մեծությամբ 11-րդն է, ինչն աննախադեպ բացասական ցուցանիշ է։ Թե ինչ կասեր նման «նվեր» ստանալիս նախկին կառավարության հասցեին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, թողնում ենք ընթերցողի երեւակայությանը, սակայն փաստ է, որ գեղեցիկ եւ շքեղ բառերի տակ այլ բան է թաքնված»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար: 2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը, ինչի պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրների առջեւ կանգնած արցախցիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը: Այսպիսով՝ դեռ այս տարվա սկզբին՝ փետրվար-մարտ ամիսներին, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստով համապատասխան փոփոխություններ արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան գումարը վերցնել, երբ իրենց անհրաժեշտ է: Հայաստանի խորհրդարանն էլ, հունիսի 11-ին հրավիրված արտահերթ նիստերի ժամանակ, ընդունեց օրինագիծ, որով ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր:


Արցախցիները, սակայն, արդեն տեւական ժամանակ է՝ չեն կարողանում ստանալ գումարները, դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն հարցը մեկը մյուսի վրա են գցում: Ինչպես Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր հայտնել՝ խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 34,5 հազար շահառուի մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս քննարկում են ունեցել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան խորհրդարանում հարցին լուծում տալ: Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կկարգավորի խնդիրը եւ հնարավորություն կտա արցախցիներին ստանալու իրենց հասանելիք գումարը: Եթե ՔՊ-ն մերժի այն, ինչը շատ հավանական է, ապա ընդդիմադիրները դիմելու են Սահմանադրական դատարան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հեղափոխության համար մեկ թիրախը, որին 2018 թվականին ուղված էր Նիկոլ Փաշինյանի նետը, կոռուպցիան էր, պետական գնումների ոչ թափանցիկությունը։ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, Ազգային ժողովում եւ բոլոր հնարավոր բարձրախոսների առաջ պահանջում էր թափանցիկություն եւ բողոքում, որ նախկին իշխանությունը կոռուպցիայի բույն է, եւ այն անհապաղ քանդել է պետք։ Բանն այն է, որ ներկայացվում է քաղվածք ՀՀ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից առ այն, որ միայն մեկ ոլորտում՝ ճանապարհաշինությունում, իշխանությունները 67 միլիարդ են ծախսել բյուջետային գումարներից. մեղմ ասած՝ ծախսել են առանց դրանց հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, հրապարակելու։ Այս լայնամասշտաբ՝ թվով 362 գործարքներին առաջիկայում կլինի առավել մանրամասն անդրադարձ, միայն փաստենք, որ Հաշվեքննիչ պալատը այսօր այն եզակի կառույցներից է, որ դեռեւս աչք չի փակում Փաշինյանի միահեծան «դեմոկրատական» իշխանության չարաշահումների վրա։Խնամքով անտեսված փաստաթղթերը հիրավի փլուզում են ժամանակին Փաշինյանի կողմից ներկայացրած հեղափոխական արդյունքները։



«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ՔՊ-ականներից փորձեց հարցերի պատասխան ստանալ, թե ինչպես է ստացվել, որ ծախսի չափն արձանագրվել է, բայց փաստաթղթային որեւէ հիմնավորում չկա։ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ սա ամենեւին իր ոլորտը չէ, սակայն պատասխաններ կարող ենք ակնկալել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի կամ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներից։ Պատասխաններ, իհարկե, կփորձենք ստանալ, սակայն դրանց արդյունքները խոստումնալից կլինեն, թե ոչ, ասել չենք կարող»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզելով, որ վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել: Պարզվում է՝ նույնականացման քարտերի առցանց հերթագրման վերացման արդյունքում առաջացած «թափուր» օրերին ու ժամերին հերթագրման հնարավորություն է ավելացել այլ ծառայությունների, այդ թվում՝ անձնագրավորման համար, սակայն երբ հերթագրված քաղաքացիները մոտենում են անձնագրային բաժիններ, պարզվում է, որ իրենց անունը ցուցակներում չկա: Մարդիկ ստիպված են տեղում հերթագրվել և ժամերով սպասել: Մարդկանց բողոքներին ի պատասխան՝ բաժիններում ասում էին, թե իրենք կապ չունեն, և կոչ էին անում դիմել թեժ գիծ: Իսկ վերջինիս զանգահարելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. կա՛մ համարը զբաղված է, կա՛մ պատասխանող չկա...


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմի խմիչքի մատակարարի շահույթը գրեթե կրկնակի պակասել է: Ինչին է պարտական նման վստահության համար «Վինո Վինո» ՍՊԸ-ն, թերեւս հայտնի կդառնա հետագայում, քանզի ՍՊԸ-ն ՀՀ հարյուրավոր ոգելից խմիչք վաճառող կազմակերպություններից եզակին է, որը «մեկ անձից» գնման ռեժիմով Նիկոլ Փաշինյանի հիմնարկին պարբերաբար մատակարարում է խմիչք։ Տարակուսելին այն է, որ հիշյալ մատակարարումների եւ ՀՀ տնտեսական աճի ֆոնին՝ «Վինո Վինո» ՍՊԸ-ի շահույթը վիթխարի անկում է ապրում` 2022 թվականի 734.7 միլիոն դրամի համեմատ 2023 թվականի շահույթը դարձել է 468.4 միլիոն դրամ։ Սա կարող է իրատեսական լինել, եթե օրինակ, որեւէ գնորդ ապրանքի դիմաց «փողը չի տալիս» կամ կազմակերպությունը այնքան արտոնյալ վիճակ է վաստակել, որ կարողանում է նվազ արտացոլել հարկվող շահույթը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հուլիսի 1-ին ավարտվեց միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլը: Ըստ էության, մնացել է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլը, որի ժամանակ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված, բայց միասնական քննություններից դրական գնահատականներ ունեցող դիմորդները կարող են հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա լինեն թափուր տեղեր: Քննությունների ընդհանուր նախնական ցուցանիշները վերլուծելու առիթ դեռ կլինի: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այս տարի ևս մի շարք բուհերում կլինեն ոչ քիչ թափուր տեղեր:


Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ զգալի մեծացել է հետաքրքրությունը ռուսական «ծագումով» բուհերի նկատմամբ: Կրթական համակարգի մեր աղբյուրները նշում են, որ թեպետ նախորդ տարիներին էլ այս բուհերը դիմորդների պակաս չեն ունեցել, բայց այս տարի սպասվում է շատ լուրջ հոսք: Խոսքը մասնավորաբար Հայ-ռուսական համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի մասին է: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղն այս տարի աննախադեպ քանակի դիմորդներ է ունենալու: Սա առաջին հերթին ուշագրավ է Հայաստանում վերջին մի քանի տարիներին հակառուսականության առավել սրված քարոզչության ֆոնին, որն իրականացնում են Հայաստանի իշխանություններն ու նրանց արևմտյան աջակիցները: Իսկ թե ինչով է պայմանավորված ռուսական բուհերի նկատմամբ հետաքրքրության նման կտրուկ աճը, դժվար է ասել:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանում պետության ղեկավարի մակարդակով զբաղված են «հեծանիվ հայտնագործելով», լավ, համոզեցիք, թեկուզ՝ քշելով, մեր շուրջբոլորը տրանսպորտային լուրջ տեղաշարժեր են նախանշվում, որոնք շատ ավելի հեռուն գնացող հետևանքներ ու նպատակներ ունեն: Նախ՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (ՏՄՏԵ, նշվում է նաև որպես «Միջին միջանցք») գործարկվել է Չինաստանից Թուրքիա առաջին բեռնատար գնացքը՝ բեռնված կենցաղային տեխնիկայով և առաջին անհրաժեշտության ապրանքներով 110 կոնտեյներով: Գնացքը մեկնել է չինական Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանկինից և պետք է ժամանի Ստամբուլ՝ անցնելով Միջին Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով:


Նկատենք, որ ներկայում Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացվում են մի քանի երթուղով, որոնք անցնում են Կենտրոնական Ասիայի երկրներով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Սև ծովով: Այդ հանգամանքը, ինչպեսև Չինաստանի՝ դեպի եվրոպական երկրներ ելնելու, իսկ հընթացս նաև երթուղու երկրների շուկաներ ու ներդրումային միջավայր ավելի մեծ ծավալով ներթափանցելու մղումը նկատի ունենալով՝ Ադրբեջանը ձգտում է ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: Այստեղ նշենք, որ նմանապես Վրաստանն է ձգտում Չինաստանի հետ ավելի սերտորեն համագործակցել՝ համաձայնելով ավելի մեծ խորություն ունեցող նոր նավահանգիստհանգույցի շինարարությունը վստահել ՉԺՀ-ին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն վերջերս Չինաստանի հետ հուշագիր ստորագրեց «Միջին միջանցքի» (ՏՄՏԵ) վերաբերյալ:


Կողմերը քննարկել են նաև այդ երթուղի նոր բեռնահոսքեր ներգրավելու, երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Խոսք կարող է լինել Չինաստանի կողմից Ադրբեջանով տարանցիկ բեռնափոխադրումների սուբսիդավորման մասին: Ավելին, նախօրեին «Համագործակցության Շենհայի կազմակերպության» անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցող ՉԺՀ նախագահը Աստանայում մի շարք հայտարարություններ է արել այս առնչությամբ: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը այնպիսի ավանդական ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու տնտեսությունը, նպաստել Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների սպասարկումը բարելավելուն, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կառուցմանը՝ նպատակ ունենալով տրանսպորտային փոխկապակցվածության ճյուղավորված և բարձր արդյունավետությամբ ցանցի կատարելագործումը:


Ձևավորվել է մի իրավիճակ, որի պայմաններում այդ ցանցը կարծես ձեռնտու է բոլորին, բայց առաջին հերթին դրանից կարող են շահել Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրները: Կոնկրետ Թուրքիայի համար հիշատակված «Միջին միջանցքը» լավ հնարավորություն է նշված երկրների ու Ադրբեջանի միավորման, պարզ ասած՝ «Մեծ Թուրանի» ծրագրի համար գետնի վրա շատ կոնկրետ հենք ստեղծելու տեսանկյունից: Գործնականում դա կարող է լինել «պանթյուրքիզմի» «կյանքի ճանապարհը»:


Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ նախագծի հիմնական շարժիչ ուժը՝ ֆինանսատնտեսական ու բեռների ապահովման տեսանկյունից, հենց Չինաստանն է: Մինչդեռ Չինաստանն ինքը որոշակի խնդիրներ ունի թյուրքախոս փոքրամասնության հետ, մասնավորապես, ույղուրական ինքնավարության մասով: Մյուս կողմից՝ Չինաստանի համար այդ երթուղին ելք է դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Սև ծով, ըստ որում՝ ԱՄՆ վերահսկողությունից դուրս: Գաղտնիք չէ, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ընդգրկուն տարածաշրջանում ԱՄՆ-ն որոշակիորեն վերահսկողություն ունի, ինչը Չինաստանին, մեղմ ասած՝ դուր չի գալիս: Ի դեպ, այս թեմային արդեն իսկ բավական անդրադարձներ կան:


Ի մասնավորի, տելեգրամյան ալիքներից մեկը գրում է. ««Միջին միջանցքը» կարող է անցնել նաև Հայաստանով, սակայն դրա համար պետք է իրագործվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը: Բաքուն և Անկարան Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակումը շաղկապում են նախապայմանների հետ. ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով միջանցքի տրամադրում, անկլավների վերադարձ Ադրբեջանին և այդպես շարունակ: Դա նշանակում է, որ ռազմաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և ռազմավարական առումներով Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են Հայաստանը վերածել «ձախողված պետության» («failed state») ու պարզապես օգտագործել Հայաստանի տարածքը՝ զուտ որպես տրանզիտային գոտի կամ միջանցք՝ Մեծ Թուրան ծրագրի համար, որն ուղղված է Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև՝ ՉԺՀ-ի դեմ»: Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում՝ «խաղաղության խաչմերուկի» մասին ժամկետանց խոսակցություններով: