Իտալիայի զինվորական գլխավոր դատախազը հյուրընկալվել է ՀՀ զինվորական դատախազությունում
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր Զինվորական դատախազությունում հյուրընկալել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Զինվորական դատախազության դատախազները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վարչության պետ Արման Ասլանյանը, այլք:
ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ողջունել է Իտալիայի պաշտոնակցին, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար և Իտալիայի գործընկերների հետ քննարկել փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:
ՀՀ զինվորական դատախազը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է Զինվորական դատախազության կողմից իրականացվող աշխատանքն ու լիազորությունների շրջանակը:
Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը հյուրընկալության համար, կարևորել երկու երկրի իրավապահ կառույցների միջև ակտիվ փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: