Սին ու կույր են Սրբազան շարժումը մարելու վերաբերյալ տեսակետները
Հունիսի 23-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանդիպումը նշանավորվեց Բագրատ Սրբազանի խորիմաստ ելույթով, որի հիմնական ուղերձը արդի քաղաքական իրականության մեջ ազգային պայքարի հիմքերը վերաիմաստավորելու անհրաժեշտության մատնանշումն էր։
Սրբազանը հայտարարեց, որ այս պայքարը ազգային-ազատագրական պայքար է։ Միաժամանակ, նա բարձրացրեց ազգային-ազատագրական պայքարը ներքաղաքական դինամիկայի շրջանակներում ընկալելու բարդության հարցը՝ կենտրոնանալով հանրային գիտակցության աչքում նման գործընթացներին ուղեկցող հակասական ընկալումների վրա։ Հատկապես ուշագրավ է նրա հայտարարությունն այն մասին, որ քանի որ այս պայքարի էությունը՝ իր ավանդական իմաստով քաղաքական չէ, այլ՝ ազգային-ազատագրական է, հետևաբար, չպետք է այն վարել (կամ սահմանափակվել դրա վարման) բացառապես քաղաքական մեթոդներով, եղանակներով և գործիքներով։
Սրբազանն, ըստ էության, վերաիմաստավորեց այս պայքարի շրջանակն ու միջոցները՝ կարևորելով արժեքային հարթությունը։ Նա առաջ քաշեց այն գաղափարը, ըստ որի հիմնարար արժեքներին դիմելու, համատեղ համերաշխության և խորը հոգևոր կապերի միջոցով է կարելի հասնել քաղաքական փոփոխությունների։ Այս մոտեցումը ներառում է անմիջական, անձնական շփումների ակտիվացում, հանդիպումների և երկխոսությունների կազմակերպում, ինչը կնպաստի հասարակության մեջ կապերի ամրապնդմանը և համախոհների միասնական ցանցի ձևավորմանը:
Այս ռազմավարության իրականացման առանցքային օղակը Բագրատ Սրբազանի՝ մարզային այցելություններն են՝ բնակչության հետ անմիջական շփումը, ամենահիմնական մակարդակով փոխգործակցությունն ակտիվացնելու նպատակով։ Դա արվելու է մարդկանց «տնից դուրս հանելու», այսինքն՝ նրանց գործունեությունը մոբիլիզացնելու, սեփական ճակատագրի տերը դառնալու ցանկություն արթնացնելու նպատակով, ինչը լիովին համահունչ է ազգային-ազատագրական պայքարի ոգուն ու խնդիրներին։
Սրբազանի համոզմունքով փոխգործակցության հենց այս ձևն է, որ կարող է հիմք դառնալ ողջ Հայաստանի աշխուժացմանը՝ արթնացնելով նրան ակտիվ դերակատարություն ստանձնելու՝ ինքնորոշմանն ուղղված գործընթացներում։ Այս առումով նրա նախաձեռնությունը դուրս է գալիս ավանդական քաղաքական պրակտիկայի սահմաններից՝ առաջարկելով ավելի խորը և համապարփակ մոտեցում՝ ազգային միասնության և ինքնության հարցերին:
Այսպիսով, Սրբազանի առաջարկը ազգային-ազատագրական պայքարի մի նոր պարադիգմ է, որտեղ արժեքները, հոգևոր ժառանգությունը և ժողովրդական համերաշխությունը առաջատար դեր են խաղում, իսկ քաղաքական փոփոխությունները դիտվում են որպես քաղաքացիական ակտիվացման և միասնականության տրամաբանական հետևանք։
Սին ու կույր են Սրբազան շարժումը մարելու վերաբերյալ տեսակետները։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան