24.11.2024
Ո՞ւմ դեմքով հանդես կգա «քոչարյանասերժական» ընդդիմությունը. ԱԺ նախագահի հարցումը
prev Նախորդ նորություն

«Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար

Երևանում օրերս կայացավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական ակտիվություն ցուցաբերել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կուսակցության առանցքային ուղենիշներից մեկն է: Այս մասին գրում է Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը:


Նշենք, որ «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:


Կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը համագումարին հայտարարել է, որ իրենք ոչ մի շարժման մաս չեն կազմում, աջակցում են Բագրատ սրբազանի շարժմանը, սակայն կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Արշակ Կարապետյանն է: Վարդանյանը շեշտեց, որ միայն Արշակ Կարապետյանը կարող է դուրս բերել ՀՀ-ն այս ծանր վիճակից: Նրա խոսքով, կուսակցության կորիզը կազմում են գործող և նախկին սպաներ՝ուժայիններ:


Կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ արեց՝ կապված ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության հետ, առկա մարտահրավերների և կուսակցության հետագա ծրագրերի ու ռազմավարության:


Կարապետյանը նշել է, որ կուսակցության նպատակը՝ հայոց պետականության պահպանումն է և զարգացումը: Ըստ նրա, Փաշինյանի քայլերը հանգեցրել են «ռազմավարական տուպիկի», որի մեջ հայտնվել է Հայաստանը:


«Ռազմական ոլորտում Ռուսաստանից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներից հեռու մնալը երկիրը մենակ է թողնում արտաքին սպառնալիքի առջև։ Եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա մոտ ժամանակներս մեր երկիրը կարող է զրկվել Սյունիքի մարզից և ներքաշվել տարածաշրջանային հակամարտության մեջ՝ գրեթե չունենալով հաղթանակի շանսեր առանց իրական պատմական Դաշնակիցների օգնության»,-նշել է նա:


Կարապետյանի ուղերձը կայանում է նրանում, որ Փաշինյանն ու թիմը կազմաքանդելով 30 տարի կառուցված ՀՀ-ի ռազմա-քաղաքական անվտանգության համակարգը՝ կտրելով ՀՀ-ին Մոսկվայից չեն առաջարկում այլընտրանք, որը լիարժեք կապահովի ՀՀ-ի ու հայ ազգի անվտանգությունը: Փաշինյանը վարում է դիլետանտ արտաքին քաղաքականություն կամ «ռուսական ռուլետկա» է խաղում հայոց պետականության հետ: Իսկ Սյունիքի կորուստը՝հայոց պետականության վախճանի սկիզբն է ազդարարելու:


«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել դաշնակցային մակարդակի, հետևողականորեն մասնակցել համատեղ տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրացիոն գործընթացներին: Կառուցել փոխշահավետ ռազմավարական երկխոսություն Իրանի հետ։ Հանդես գալ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի կազմով Հարավային Ռազմական դաշինք ստեղծելու սեփական նախաձեռնությամբ»,-ընդգծել է Կարապետյանը:


Հարավային ռազմական դաշինքի գաղափարը նոր է՝ՀՀ ներքաղաքական դաշտում ոչ մի քաղաքական ուժ դեռևս հանդես չէր եկել ՌԴ-ՀՀ-Իրան՝ռազմա-քաղաքական կոալիցիա ձևավորելու գաղափարով՝սա հստակ մեսիջ է Մոսկվային և Թեհրանին, որ «Համահայկական ճակատ» կուսակցության համար ՌԴ-ն և Իրանը՝համարվում են հիմնական, կարևորագույն ռազմավարական դաշնակիցներ և ՀՀ-ի անվտանգությունը փոխկապակցված է այդ տերությունների հետ:


Դրան զուգահեռ, կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ազգային, ավանդական արժեքներին և կարևորում է Հայ Առաքելական եկեղեցու դերը:


«Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը հանդես է գալիս ավանդական արժեքների և բարոյական նորմերի պահպանման, ավանդական ինստիտուտների ՝ ընտանիքի, սովորույթների և Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ինքնության, լեզվի և մշակույթի վրա հիմնվելու, իրավունքի և օրենքի գերակայության, ձեռնարկատիրության և մասնավոր բիզնեսի բոլոր հնարավոր աջակցությամբ տնտեսության կարգավորման գործում պետության դերի ամրապնդման օգտին»,-նշել է կուսակցության առաջնորդը:


ՔՊ-ականները փորձում են հարվածել հայկական ազգային կոդին՝պատմություն, լեզու, ազգային արժեքներ, Հայ Առաքելական եկեղեցի, իսկ «Համահայկական ճակատը» պատրաստ է կանգնել այդ արժեքների պաշտպանության դիրքերում:


Այսպիսով, ՀՀ ներքաղաքական դաշտում ձևավորվել է պահպանողական, ազգային արժեքները կրող պետականամետ, հստակ արտաքին քաղաքական ուղենիշներով հայոց պետականության ու բանակի հզորացման «ճանապարհային քարտեզ» ներկայացնող քաղաքական ուժ, որի համար Փաշինյանի հեռացումն առաջնահերթություն է: