Ես կարող էի ասել՝ վերջ, ժողովուրդ, ինչ կարողացել արել եմ, բայց ոչ: Այդ պատասխանատվությունը վերցրել ենք ու մինչև վերջ էլ պետք է տանենք. այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Նա դիմեց քաղաքական կուսակցություններին.
"Երեկվա բռաճնշումները չդատապարտող կուսակցություններ ու կազմակերպություններ, դուք քաղաքական օրակարգ ունե՞ք։ Ոչ մի բան էլ դուք չունեք։ Դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երևույթներ եք դուք։ Դուք միայն սպասում եք պատեհ առիթի, որ ամեն ինչ ծառայեցնեք ձեզ, ձեր տակը միայն փող է դրած ու դուք միայն ցանկանում եք, որ այս շենքի պատերից ներս մի աթոռ ունենաք։ Դուք ո՞վ եք ու ընդհանրապես, ի՞նչ եք։ Սա վերաբերում է նրանց, որոնք ծպտուն չեն հանել ու նրանց, որոնք լղոզված ինչ-որ բաներ են ասել":
Ապա նշեց, որ ուրբաթ, շաբաթ, կիրակի իրենք պետք է հանդիպեն տարբեր քաղաքական ուժերի հետ.
"Ես ուզում եմ մեր ամբողջ Շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և Շարժումը հասցնել հաղթական ավարտի",- շեշտեց նա։
Նա նշեց, որ վաղվանից Բաղրամյան փողոցի ավանը պետք է դուրս գա, որովհետև 4-օրյա գործընթացն ավարտված է։
Ապա դիմեց միջազգային հանրությանը.
"Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա։ Թող այս նույն ժողովրդավարություն կոչեցյալը տարածվի նաև ձեր երկրներում։ Առաջին անգամը չէ, որ դուք կեղծում եք, ձեր ճորտն էլ ծառայում է ձեզ համար":
Եզրափակելով իր ելույթը նա նշեց, որ հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, նորից կհավաքվեն Բաղրամյանում, այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստը։
"Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև։ Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող"։