Նպատակ կա բարձրացնել Հայաստանի տեսանելիությունը Հունաստանում. դեսպան
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության Ազգային տնտեսության և էկոնոմիկայի նախարարի Կոստիս Խաձիդակիսի հետ:
Նախարար Խաձիդակիսը բարձր է գնահատել հայ-հունական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաև հայերի դերը հունական հասարակական կյանքում: Ընդգծելով երկկողմ սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում, նա կարևորել է տնտեսական ոլորտում համագործակցության մեջ առաջնահերթությունների սահմանումը և դրանց ուղղությամբ աշխատանքների ինտենսիվացումը:
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և առկա հարցերը քննարկելու և համատեղ համագործակցության ուղիների դիտարկման հնարավորության համար` ընդգծելով տնտեսական դիվանագիտության մեջ առկա չօգտագործված մեծ ներուժը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ առաջիկայում նախատեսված հայ-հունական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի գումարվելիք նիստը, ինչպես նաև դրան զուգահեռ հայ-հունական գործարար համաժողովների կազմակերպումը կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն ունի HELEXPO-ի կողմից կազմակերպվող տարաբնույթ ցուցահանդեսներում, որոնց նպատակն է բարձրացնել Հայաստանի տեսանելիությունը Հունաստանում։
Կողմերը պայմանավորվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք ուղղություններում համագործակցությունը խթանելու նպատակով ձեռնարկել գործնական քայլեր, այդ թվում և փոխադարձ այցելությունների և պարբերական շփումների կազմակերպմամբ։