25.11.2024
Նպատակ կա բարձրացնել Հայաստանի տեսանելիությունը Հունաստանում. դեսպան
prev Նախորդ նորություն

Մարտահրավերները՝ օրակարգում. ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հունիսի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքների և ներքաղաքական զարգացումների մասին զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեց ներքաղաքական խնդիրներին, անվտանգային մարտահրավերներին և հունիսի 12-ին Երևանում խաղաղ ցուցարաների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման միջադեպին։ Այս առնչությամբ ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաև Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Գոհունակությամբ արձանագրվեց, որ Մայր Տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է։ Տեղեկացվեց սեպտեմբերի 27-29-ին նախատեսվող Մայր Տաճարի վերաօծման, Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունների և հարակից միջոցառումների նախապատրաստման փուլում իրականացված շինարարական, հրատարակչական, ծիսաարարողակարգային աշխատանքների ընթացքի մասին։ Ընդգծվեց նաև, որ վերոհիշյալ արարողություններին հրավիրված են մասնակցելու միջեկեղեցական պատվիրակություններ, մեծանուն, վաստակաշատ ազգայիններ։

Ժողովականները, ողջունելով կատարված աշխատանքները, կարևորեցին պատշաճ կազմակերպումը նախանշված արարողությունների, որոնք նոր հույս և մխիթարություն պիտի պարգևեն համայն հավատավոր մեր ժողովրդին։

Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան եկեղեցավարչական, թեմերի գործունեությանը, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր։ Որոշվեց 2025 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով: