Եթե տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, մնացած բոլոր հարցերը լուծվում են. Փաշինյան
Երբ Հայաստանը և Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և միմյանցից տարածքային պահանջներ չունեն, մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Երբ հայտարարվի, որ հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարեն միմյանց նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ և այլն, մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակում: Եթե տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, մնացած բոլոր հարցերը լուծվում են",- նշեց նա:
Ըստ նրա, կարող է իրական խաղաղություն ձևավորվել կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով էլ կձևակերպվի խաղաղության պայմանագիրը, բայց իրենց ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիր: