Ֆարմանյան. Իլհամ Ալիևը Ստրասբուրգի փոխարեն պետք է գտնի շուկաներ առևտրի համար
ԵԽԽՎ լիագումար նիստում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, նկատելով, որ զեկույցում, բարեբախտաբար, Հայաստանին հղում չկա և Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղին, քանզի զեկույցում Լեռնային Ղարաբաղին զարմանալի հղում կա։ Ըստ Ֆարմանյանի` այդ հղումը բավական մանիպուլյատիվ է։
«Պարոն Արիևը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս հղումն այնտեղ․ քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։ Սա իսկապես ծիծաղելի է»,- հայտարարել է հայ պատվիրակը։
Նրա խոսքով ևս մեկ հարց է առաջանում` ինչու է Արիևը գրել այդ ձևակերպումը զեկույցում։
«Դժբախտաբար, ոչ այն պատճառով, որ պարոն Արիևն այցելել է Ղարաբաղ կամ կատարել փաստահավաք այց, նա անգամ չի օգտագործել «Freedom House»-ի զեկույցը, որտեղ Ղարաբաղն ավելի լավ ցուցիչ ունի, քան Ադրբեջանը, այլ քանի որ, ինչպես մենք տեսնում ենք նրա՝ ադրբեջանական մամուլին տրված հարցազրույցից, որտեղ նա ներողություն է խնդրում Իլհամ Ալիևից՝ ասելով, որ իր տատիկն ադրբեջանցի է։ Սա նրա խոսքերն են։ Վերջապես, մենք պետք է հիշենք, որ մենք մարտադաշտում չենք, մենք պատանդներ չենք ու ես գիտեմ, թե Դուք որքան եք հոգնել հայ-ադրբեջանական կռիվներից: Եկեք հստակ ուղերձ հղենք նախագահ Իլհամ Ալիևին, որ նա պետք է գտնի շուկաներ առևտրի համար, Ստրասբուրգի փոխարեն»,-ընդգծել է Սամվել Ֆարմանյանը:
Նշենք, որ Արիևի զեկույցում անդրադարձ է արվում հակամարտության գոտիներում մամուլի ազատության խնդիրներին․««ԵԽԽՎ-ն խոր մտահոգությամբ նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված լրատվամիջոցների ազատությունը բացակայում է նաև անդամ երկրների այն տարածքներում, որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից՝ մասնավորապես Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, ու Մոլդովայում՝ Մերձդնեստրում»։