24.11.2024
Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետը դեռ երկար ժամանակ իր մասին զգացնել կտա
prev Նախորդ նորություն

Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում Նիկոլ Փաշինյանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը` «Միասնական հայրենիք» կուսակցությունը, թեպետ աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Բագրատ սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, սակայն, արցախցի մեր աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանի մարդիկ «տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար, շարժման դեմ։ Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ հերյուրանքներ են տարածում եւ արցախցիներին համոզում են, որ սրբազանի առաջնորդած ո՛չ շարժումն է Արցախի ու արցախցիների մասին, ո՛չ էլ դրա հաղթանակից իրենք կարող են օգտվել։ Մոտավորապես նույն նարատիվները, ինչ իշխանականները, օրերս էլ ԱԺ նախագահը հայտարարեցին, թե սրբազանն այլեւս սկսել է չխոսել Արցախի մասին, Արցախի դրոշներն էլ անհետացել են։


Սամվել Բաբայանն ինքն էլ հարցազրույցներ է տալիս` քննադատում իշխանություններին, միեւնույն ժամանակ հայտարարում, որ ներքաղաքական ճգնաժամի ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Եթե շարժումը փողոցով չի կարողանում դրան հասնել, պետք է ընդդիմադիրները վայր դնեն մանդատները՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ, որից դուրս գալու քաղաքագիտական միակ միջոցն ընտրություններն են։ Մինչդեռ մենք գիտենք, թե ընտրություններն ինչ ավարտ են ունենում, երբ ընտրությունների կազմակերպիչը լինում է իշխանությունը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրանցում իրականացրած սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատերը՝ Մհերը, երեկվանից սկսել է իր տան քանդման աշխատանքները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ բացատրեց` մարդիկ չեն ուզում իրենց տարիներով ստեղծածը թողնել ադրբեջանցիներին: «Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում․․․ երեւի ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,- ասաց Շահինյանը: Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24-ը պետք է ազատեն տները: Այսինքն՝ հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում, թեպետ արդեն սահմանապահները քանի օր է՝ կանգնած են տարածքում։ Ինչ վերաբերում է փոխհատուցման գործընթացին, Շահինյանը վստահեցրեց, որ ինքը կապ չունի դրա հետ` մարզպետարանի աշխատակազմն է զբաղվում, անգամ չգիտի, թե քանի կիրանցի է համաձայնել փոխհատուցման առաջարկին։ Հարցրինք՝ այլընտրանքային ճանապարհն իշխանությունը կհասցնի՞ կառուցել, խոստման համաձայն` 2 ամսում։ «Չեմ կարող ասել՝ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց թե ինչ կլինի, չեմ կարող ասել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումներն են ընթանում: Նախարարները, ուժային կառույցների ու պետական կառույցների ղեկավարները կամ ներկայացուցիչները գալիս են ԱԺ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի զեկույցը ներկայացնելու: Ահա այսօր, հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու: Հիշեցնենք, որ հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումից հետո այն նաեւ ԱԺ քառօրյա նիստերին է քննարկվելու՝ կրկին վարչապետի եւ նախարարների մասնակցությամբ: Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ եւս ԱԺ էր եկել՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում: Օրերս այստեղ հերթական ամոթալի իրադարձությունը տեղի ունեցավ։ Մոտ երկու շաբաթ առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական տվեց, իսկ համայնքի ավագանին օրեր անց ընտրեց համայնքի նոր ղեկավար։ Իմպիչմենթի գործընթացին միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը, որը, սակայն, վերջին պահին անցավ իշխանությունների կողմը՝ ընտրելով ՔՊ թեկնածուին։ Մեր ունեցած տեղեկություններով, Երիցյանը, մեղմ ասած, հենց այնպես չի գնացել այդպիսի քայլի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները նրան խոստացել են աչք փակել Երիցյանի կնոջ՝ Նատալ յա Լափաուրիի գործունեության հետ կապված ֆինանսական որոշակի թեմաների վրա, որոնք կապված են ԵՄ «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» 4 մլն եվրոյի ծրագրի հետ, որը ղեկավարում է Երիցյանի կինը։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ համապատասխան մարմինները որոշակի խնդիրներ են նկատել նաև Երիցյանի ղեկավարած Համայնքների միությունում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։  Անդրանիկ Քոչարյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը անվտանգության հարցերով փորձագետ է եղել տարբեր կազմակերպություններում։ Սակայն, հարկ է նշել, որ դեռ 1990-ականներից իշխանության տարբեր շարքերում եւս գործունեություն ծավալել է։ 2019 թվականին ներկայացրած 2018 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում Քոչարյանը հայտարարագրել է ընդամենը 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 ավտոտնակ։ Նրա ֆինանսական միջոցները, պաշտոնը ստանձնելու ժամանակ, կազմել են ընդամենը 5 մլն դրամ։ ԱԺ պատգամավոր Քոչարյանի 2018 թվականի հայտարարագիրը նման սուղ եւ ոչ ինֆորմատիվ էր, սակայն նույնը չենք ասի անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրի մասին։


2023 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ իշխող ՔՊ կուսակցության կարկառուն դեմք համարվող Քոչարյանը 6 տարիների ընթացքում եւս մեկ բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը, որը գտնվում է Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ըստ հայտարարագրի, պատգամավորը ժառանգություն է ստացել 2020 թվականին, սակայն ում կողմից՝ անհայտ է։ Անդրանիկ Քոչարյանի տարեկան եկամուտները նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ ավելացել են 3 միլիոնով, իսկ 2021 թվականի եկամուտները 2022-ի համեմատ՝ 1 միլիոնով։ Ստացվում է, որ վերջին 2-3 տարում Քոչարյանի աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովի աշխատակազմից ավելացել է 4 մլն դրամով։ Նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ 2023 թվականի հայտարարագրում Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները գրեթե եռապատկվել են։


Այսպիսով՝ 2022 թվականին պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 300 հազար դրամ, իսկ այս տարի Անդրանիկ Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար եվրո, 3 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 700 հազար դրամ։ Անդրանիկ Քոչարյանը կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չի հայտարարագրել։  Հարցական է, թե որտեղից է Քոչարյանը տնտեսել այս ֆինանսական միջոցները։ Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ այն պատգամավորն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, որը տապալել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները եւ գրեթե կես տարի չի կարողանում հրապարակել Հանձնաժողովի զեկույցը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունենալու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ: Մեր տեղեկություններով՝ դատավորի թեկնածուն Գոհար Մուրադյանն է: Նրա ընտրության հարցը ընդգրկված կլինի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Մինչ դա, սակայն, իշխանականները փակ հանդիպման են հրավիրել դատավորին, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանան ու, ըստ այդմ, որոշեն՝ ընտրելո՞ւ են նրան, թե՞ ոչ. արդյո՞ք նա իրենց նարատիվներով է առջնորդվում, թե՞ ոչ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի Դաշնության կողմից այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն հեղեղումներից տուժած աղետի գոտում: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: Նա նաև նշել է, որ օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես ՀԿԵ-ն:


Եվ ահա, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը տեղեկացրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։ Նա ասել է, որ Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել, և նշել, որ ռուսաստանցի մասնագետները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ։


Ուշագրավ է, որ այս տեղեկություններին զուգահեռ հաղորդագրություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապացությամբ: Այս տեղեկությունը իշխանական ու մերձիշխանական շրջանակների և տեղեկատվական հարթակների կողմից չափազանց մեծ տարածում գտավ: Սակայն տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը զգալի աշխատանքներ է տանում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ, շատ քիչ տարածվեցին իշխանական քարոզչամեքենայի կողմից, չնայած, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել ՌԴ նախագահին ու շնորհակալություն հայտնել ոչ միայն իրեն շնորհավորելու, այլև ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար: Բայց որպեսզի այս հանգամանքը շատ չտարածվի, իշխանական քարոզիչները Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացված զանգին ու շնորհակալությանը բացարձակ չեն անդադարձել, և այդ տեղեկությունը մնացել է սոսկ մի քանի տողանոց պաշտոնական հաղորդագրության մակարդակում:


Այսինքն, ստացվում է, որ սրանով իշխանությունները միանգամից մի քանի հարց են փորձում լուծել. նախ՝ ներքաղաքական ճգնաժամային այս վիճակում ցույց տալ, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, բայց մյուս կողմից՝ շատ չտարածել Փաշինյանի զանգի և Ռուսաստանի օգնության մասին տեղեկությունները, որպեսզի Ռուսաստանի մասին լավ տպավորություն չստեղծվի հասարակության մեջ, ինչպես նաև Արևմուտքն ու մասնավորաբար ԱՄՆ-ը հանկարծ «չջղայնանան» իրենց վրա:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարության 2019թ. որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին էին փոխանցվել Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 եւ 17/5 հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերը, դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները, սպորտային դահլիճը, ճաշարանը, ենթակայանը, պահակատունը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման մեծ հնարավորություններ, այդ տարածքում Ագրարային համալսարանը պետք է կառուցեր գյուղատնտեսական քոլեջ: Այդ մասին Ապարանում 2018թ. դեկտեմբերի 4-ին հայտարարել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Քոլեջի վերակառուցման, վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների համար 2019թ. պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 435 միլիոն դրամ: Որոշումն ընդունելուց հետո անցել է ուղիղ 5 տարի, սակայն մինչ օրս քոլեջը չի կառուցվել, իսկ Ագրարային համալսարանն ու ԿԳՄՍ նախարարությունը չեն բարեհաճում պարզաբանումներ ներկայացնել հասարակությանը՝ ինչու։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։ Աթոռը ունի հետեւյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում եւ տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` 500 մմ: Նստատեղի խորությունը`480 մմ: Նստատեղը երեսպատված` 60 մմ հաստությամբ, 25 կգ/մ3 խտությամբ սպունգով եւ խիտ կտորով: Նստատեղի բարձրությունը ամենաբարձր դիրքում` 500 մմ: Նստատեղի բարձրությունը ամենացածր դիրքում` 420 մմ: Հենակը եւ արմնկակալերը պլաստմասե՝ լրացուցիչ էրգոնոմիկ դետալի առկայությամբ : Արմնկակալերը` ամրացված թիկնակին եւ նստատեղին։ Թիկնակի բարձրությունը` 570 մմ: Թիկնակի պաստառը՝ ամուր ցանցային կտոր։ Արմնկակալի բարձրությունը նստատեղից՝ 180 մմ»: Հետաքրքիր է, թե ո՞ւմ համար է նախատեսված այս բարդ ու մանրամասն նկարագրությամբ թանկարժեք աթոռը։ Հարց է, թե պետական միջոցները մսխելու էլ ինչ անմիտ տարբերակներ են մտածել «հեղափոխական», առավել կոռումպացված իշխանությունները»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին, ում փնտրում էին նախօրեից։ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա աղջկան Սեւանի հանգստյան տներից մեկում էր տեղավորել նրա մայրը։ Ինչպես երեկ պարզվեց Անահիտի մոր գրառումից, երկօրյա հանգիստը Սեւանում ծնողների նվերն էր Անահիտին։ Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք նրա համարի մոտ, որ չուշանա նախաճաշից, բայց հետո պարզվեց, որ նա նախաճաշի չի եկել։ Ահազանգեցինք ոստիկանություն»։ Նրա տպավորությամբ, աղջիկը, որ մենակ էր հանգստանում, ընդամենը ցանկացել է լողալ։ «Շատ նման է դժբախտ պատահարի»,- ասաց մեր զրուցակիցը։ Մնացականյանի մարմնի վրա փորձագետները բռնության հետքեր չեն հայտնաբերել։