27.11.2024
Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության ժամանակն է. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանն այցելելու է Սարդարապատի հուշահամալիր, թե՝ ոչ

ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Առաջին հանրապետության օրվա առիթով դեռևս չեն այցելել Սարդարապատի հուշահամալիր։ Վարչապետն առայժմ միայն շնորհավորական ուղերձ է հղել։


Factor.am-ին այս պահի դրությամբ չի հաջողվել պարզել՝ արդյոք Փաշինյանն այցելելու է Սարդարապատի հուշահամալիր, թե՝ ոչ․ մեր զանգերն անպատասխան է թողնում թե՛ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, թե՛ կառավարության լրատվության բաժնի պետը։ Երեկ, սակայն, կառավարությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սարդարապատ։


Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ուղևորվել էին Սարդարապատ՝ այնտեղ դիմավորելու լուսաբացը։ Նրանք նաև հայտարարել էին, որ ցանկանում են Սարդարապատում հանդիպել Նիկոլ Փաշինյանին։


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատ չգնալուն։


Նա մասնավորապես ասել է․ «Երկու պատճառով այդ մարդը չի եկել։ Մեկը՝ հասկացել է, որ սա իր տեղը չէ, մյուսը՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու։ Այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի»։


Ի դեպ, շարժումը նաև հայտնել է, որ ժամը 10:00-ին Սարդարապատի տարածքում հանրահավաք են անցկացնելու, որից հետո ավտոերթով շարժվելու են մայրաքաղաք։ Հիշեցնենք, նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաններն առավոտյան էին այցելել Սարդարապատ։


Տեղի ունեցած հանդիսավոր միջացառման ընթացքում լրատվամիջոցների և այցելուների համար մուտքը փակ էր։