24.11.2024
Զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել
prev Նախորդ նորություն

Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու. պայքարը մտավ նոր փուլ

Անցած կիրակի օրվա գլխավոր քաղաքական իրադարձությունը Բագրատ սրբազանի հրավիրած համազգային հանրահավաքն էր:


Հանրահավաքը կարևոր էր, քանի որ պետք է հնչեր վարչապետի թեկնածուի անունը: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկար սպասեցնել չտվեց:


"Մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամության դեմ, հանուն հաշտության, ճշմարտության և սիրո։ Այսինքն իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային և քաղաքակրթական փոփոխության մասին է:


Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն իր ֆիզիկական գոյությամբ, այլև ավելի սարսափելին՝ այն ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր գոյության իրավունքը և կենսագրությունը։ Մոռանալով, որ հոգին հաղթել է դուխին, Եռագույնը՝ սևուսպիտակին և Տաճարը վերջապես հաղթելու է փողոցին։ Իսկ այս ամենի արդյունքում հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա»՝ այս Հայաստանին",- հայտարարեց նա։


Արևելագետ Գուրգեն Մելիքյանը, հղում անելով անցած շաբաթ անցած մասնագիտական խմբերի հետ հանդիպումների արդյունքներին, հայտարարեց Շարժման կողմից առաջարկվող Հայաստանի նոր ղեկավարի թեկնածությունը՝ Բագրատ Սրբազան։ Վերջինս հայտարարեց.


"Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։ Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակընկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին",- հայտարարեց սրբազանը:


Ելույթների ավարտին նա քայլերթ կազմակերպեց դեպի Կառավարական առանձնատուն՝ հանդիպելու վարչապետին:


Երբ երթը հասավ Կառավարական առանձնատուն, Բագրատ սրբազանը դիմեց Նիկոլ Փաշինյանին.


"Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում։ Սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել․․.Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին և դեռ տասնյակ հազարներին հանդիպելու։ Ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ"։


Փաշինյանը դուրս չեկավ: Ելույթներից հետո երթը վերադարձավ Հանրապետության հրապարակ, ապա որոշվեց, որ այսօր առավոտյան 08.00-ից ամբողջ հանրապետությունով մեկ՝ բացառությամբ Լոռի և Տավուշ տանող ճանապարհները իրականացվելու են անհնազանդության ակցիաներ:


Պայքարը մտավ նոր փուլ: