Ադրբեջանի տնտեսությունը գահավիժում է. սոցիալական բողոքը դուրս է հորդում փողոց
Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը բոլոր առումներով շարունակում է ավելի վատթարանալ: Այդ է վկայում նույնիսկ ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը, որը առկա իրավիճակը ներկայացնում է զգալիորեն ավելի մեղմ գույներով: Ադրբեջանի վիճակագրական պետական վարչության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին երկրում ՀՆԱ-ն ընկել է 3.8 տոկոսով, գրում է armtimes.com կայքը՝ հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին:
Դա հիմնականում պատճառաբանվում է շինարարության ոլորտում արձանագրված 27.6 տոկոս անկմամբ: 2016 թվականին շեշտակի անկում է արաձանգրվել Ադրբեջանի արտաքին առեւտրային հաշվեկշռում: 2015 թվականի հետ համեմատած արտաքին առեւտրային շրջանառությունը նվազել է 19.4 տոկոսով: Մասնավորապես, արտահանումը նվազել է 28.17 տոկոսով, իսկ ներկրումը 7.4 տոկոսով:
Ադրբեջանի ազգաբնակչության սոցիալական վիճակի կտրուկ վատթարացման մասին են վկայում այլ պաշտոնական թվեր: Այսպես, Ադրբեջանի մաքսային կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին ներկրվել է 5746 միավոր տրանսպորտային միջոց: 2015 թվականի տվյալների հետ համեմատությունը պարզապես ապշեցնում է. անցյալ տարի ներկվել է 4.6 անգամ ավելի քիչ տրանսպորտային միջոց:
Վերը հիշատակված թվերը խոսում են Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի խորացման մասին: Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը օրերս ստիպված է եղել խոստովանել, որ 2016 թվականը տնտեսական առումով ամենածանրն է եղել նորանկախ Ադրբեջանի պատմության ընթացքում:
Վերջին մեկ ծաբաթվա ընթացքում ադրբեջանական արժույթը՝ մանաթը, սկսել է ավելի արագ տեմպերով արժեզրկվել: Յուրաքանչյուր օր մանաթը դոլարի նկատմամբ նոր պատմական ռեկորդ է սահմանում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ ադրբեջանական արժույթը արժեզրկվել է գրեթե 10 տոկոսով եւ այսօր կազմում է մոտ 1.85 մանաթ: Մանաթի արժեզրկման հետեւանքով կտրուկ ընկել է ազգաբնակչության գնողունակությունը: Խանութներում գրեթե ամեն օր վերանայվում են վաճառվող ապրանքների գների: Այս ամենը պարարտ հող է ստեղծել սոցիալական ընդվզման համար, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարվա հունվարին:
Սոցիալական նոր խռովության նշաններն արդեն առկա են: Ադրբեջանի մի քանի շրջաններում եւ մեծությամբ երկրորդ քաղաքում վերջին օրերին մանաթի արժեզրկման, հունվարի 1-ից գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ կոմունալ ծառայություների սակագնի բարձրացման, աշխատատեղերի փակման, գնաճի դեմ բողոքի տարերային ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Դեռ անցյալ տարվա հունվարից Ադրբեջանի իշխանությունները արգելափակում են բողոքի ցույցերի մասին տեղեկատվությունը, ինչի պատճառով դրա մասին լայն հանրությանը հայտնի չի դառնում կամ էլ հայտնի է դառնում որոշ ժամամանակ անց: Օրինակ, հունվարի 18-ին Գյանջայում տեղի ունեցած բողոքի ցույցին անդրադարձել է միայն Ազատության ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որի հեռարձակումը պարբերաբար արգելափակվում է:
Չնայած, որ ամեն կերպ փորձ է արվում կանխել անցանկալի տեղեկատվության արտահոսքը, սակայն ադրբեջանցի պաշտոնյաները իրենց որոշ հայտարարություններով ակամայից մատնում են, թե ինչ է կատարվում երկրի ներսում: Օրինակ, ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը երեկ երեկոյան հայտարարել է, թե ոստիկանությունը արագորեն արձագանքելու է բողոքի անօրինական ցույցերի անցկացմանը՝ այդպիսով փաստացի խոստովանելով, որ երկրում բողոքի ցույցեր են տեղի ունենում:
Բողոքի ցույցեր են սկսվել նաեւ եվրոպական երկրներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ: Դրանցից հատկապես առանձնանում է նախօրեին Բեռլինում հաստատված մոտ 100 ադրբեջանցիների բողոքի ցույցը, որի ժամանակ պահանջել են Իլհամ Ալիեւի հրաժարականը: Ցույցը տպավորվել է նրանով, որ ակցիայի մասնակիցները հրապարակ են բերել Իլհամ Ալիեւի դեմքով պատրաստված խրտվիլակը եւ սուլացների ու ծափահարությունների ներքո այն գցել գետնին ու ոտնատակ տվել: Ադրբեջանցիները սոցիալական ցանցերում արձանագրում են, որ սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանի նախագահի հանդեպ դժգոհությունը նման համարձակ կերպով է դրսեւորվում: