Վաղը անհնազանդության ակցիաներ, կիրակի՝ հանրահավաք. Բագրատ Սրբազան
Հավատացնում եմ ձեզ՝ էս մարդիկ վախեցած են, ահավոր են վախեցած: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Նրա խոսքով՝ ոչ ոք իրենց օրակարգ չի թելադրելու, իրենք շարժվելու են իրենց օրակարգով ու հաջողությունը լինելու է այն, որ այդ օրակարգից դուրս չեն գալու ու չեն շեղվելու:
Սրբազանը տեղեկացրեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում վաղը խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Սակայն հստակ ժամ նա չնշեց: Փոխարենը ասաց, որ արդեն գործում է տելեգրամյան ալիք, որով համակարգվելու են այդ բոլոր գործողությունները:
Ասաց, որ վաղը հանրահավաք չի նախատեսվում.
"Կիրակի երեկոյան հանդիպում ենք ժամը 18.30-ին: Մտածեք յուրաքանչյուրդ, թե ինչ բեռ եք վերցնելու, ինչպես եք վերցնելու և միշտ չի, որ այս բեմից է հնչելու գործողությունները, այլև տարբեր միջոցներով ենք դիմելու: Ամեն մեկդ զինվոր դարձեք, այս կարճ ժամանակի համար բոլորս զինվոր ենք, պատրաստ եղեք քայլելու, գործելու",- հավելեց Բագրատ Սրբազանը:
Անդրադառնալով անվստահության գործընթացին, ասաց, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ քննարկել է, երկուսն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը սկսելու այդ գործընթացը: