Ֆրանսիայում հայտարարել են Հայաստանի հետ կապերը ռազմավարական մակարդակի հասցնելու մասին
Ապրիլի 10-ին Ֆրանսիայի Քաղաքական գիտությունների (Sciences Po) համալսարանի Լիլ քաղաքի մասնաճյուղում կայացավ «Ֆրանսիա-Հայաստան ռազմավարական գործընկերություն․ վերակերտված տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո» խորագիրը կրող համաժողով։ Այն կազմակերպվել էր վերոհիշյալ համալսարանի «ՄԱԿ-ի մոդել» ուսանողական ասոցիացիայի կողմից։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ համաժողովին որպես բանախոսներ հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ստրասբուրգի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ Էդուարդո Ստոպիոնին (Edoardo Stoppioni), Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, վերլուծաբան և աշխարհաքաղաքագետ Տիգրան Եգավյանը։
Բանախոսները համապարփակ ձևով ներկայացրեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղ գտած վերջին զարգացումները, այս համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլերի կարևորությունը՝ Հայաստանի առջև ծառացած անվտանգային, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո առաջացած հումանիտար մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Ուսանողների խնդրանքով բանախոսներն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական և իրավական ասպեկտներին, Ադրբեջանի կողմից պետական մակարդակով քարոզվող հայատյացությանը և այդ երկրի ռազմատենչ քաղաքականությանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ հայկական կողմի շարունակական ջանքերին։
Համաժողովին ներկա էին ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի, Լիլի քաղաքային խորհրդի անդամներ, Քաղաքական գիտությունների համալսարանի Լիլ քաղաքի մասնաճյուղի նախագահ Էթիեն Պեյրան (Etienne Peyrat), «ՄԱԿ-ի մոդել» ասոցիացիայի ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ։
Համաժողովին նախորդեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը Քաղաքական գիտությունների համալսարանի Լիլ քաղաքի մասնաճյուղի նախագահ, Հարավային Կովկասի հարցերով մասնագետ Էթիեն Պեյրայի հետ, որի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ։