Արցախից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում. նախարար
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 17 հազարը, կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում: Այդ մասին կառավարության մարտի 28-ի նիստին հայտարարել է Հայաստանի կրթութայն, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով, արվել են անհրաժեշտ ճշտումներ` հասկանալու այն երեխաների շրջանակը, որ դեռևս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենալ։ «Մենք ամբողջությամբ հոգացել ենք նաև բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը և արդեն իսկ փոխհատուցել նրանց այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձը», - ասել է նախարարը:
Նախարարը նշել է նաև, որ ՀՀ կառավարության` ուսուցիչներին մարզային դպրոցներ գործուղելու և այնտեղ արտամրցութային կարգով աշխատանքի ապահովելու ծրագրով ԼՂ-ից բռնի տեղահանված արդեն ավելի քան 320 ուսուցիչ է աշխատում մարզերում, իսկ ընդհանուր առմամբ, այդ ծրագրից դուրս, աշխատանքի է տեղավորվել ԼՂ շուրջ 500 ուսուցիչ։
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է նախաձեռնել Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման մասին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը: Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել այն մասին, որ բոլոր պետական մարմինները լուծարվում են, և 2024 թվականի հունվարի 1-ից Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Արցախի բնակիչները ստիպված զանգվածաբար լքել են հանրապետության տարածքը և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացի: