Հայաստանի կառավարությունը մշակում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագիր: Այդ մասին ասվել է ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստին:
«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե՛ մասնակից նախարարությունների, թե՛ նաև հասարակական կազմակերպությունների հետ: Մարզային քննարկումներ ենք կազմակերպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է դեռևս վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, բերենք այնպիսի տեսքի, որպեսզի դրա իրականացումը լինի սահուն ու հարթ», - ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, ապրիլ ամսվա ընթացքում արդեն ծրագիրը կարող են ներկայացնել: «Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են, նաև դժվարություններ են պարզ: Շատ մեծածավալ ծրագիր է: Գիտեք, առիթ ունեցել եմ զեկուցելու, որ խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը, թե՛ երկրորդային շուկայում եղած առաջարկի տեսանկյունից, թե՛ կառուցման մեջ գտնվող շինարարության ծավալի տեսանկյունից բավական էական փոփոխություն է, և մենք այնտեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնենք հերթականությանը», - ասել է նա:
Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլով ոչ բոլոր ընտանիքներին կկարողանան առաջարկել բնակարան կամ տուն, ուստի ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել:
«Հունվար ամսից մենք նախատեսում ենք նաև բնակարանային կեցության ծախսերի որոշակիորեն ձևափոխված ծրագրային շարունակություն ունենալ: Ես ուզում եմ պարզաբանել նաև, թե ինչպես է դա կապված այս բնակարանային ապահովության նախաձեռնության հետ՝ հաշվի առնելով, որ առաջին փուլում մենք ոչ բոլոր ընտանիքներին կկարողանանք առաջարկել բնակարան կամ տուն կամ գնել կամ կառուցելու հնարավորությունը, ստիպված կլինենք որոշակի փուլային հաջորդականություն սահմանել:
Աջակցության ծրագիրը կշարունակենք այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն: Այսինքն՝ մենք դիտում ենք այն որպես կամուրջ մինչ բնակարանային հարցերի վերջնական լուծումը: Մենք, իհարկե, առաջիկայում առիթ կունենանք մանրամասները վերջնականացնելու և ավելի պարզաբանելու, բայց այնպիսի ընթացքի մեջ է, որ մենք կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում կառավարությունը կարող է արդեն քննարկել», - ասել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է նախաձեռնել Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման մասին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը: Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել այն մասին, որ բոլոր պետական մարմինները լուծարվում են, և 2024 թվականի հունվարի 1-ից Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Արցախի բնակիչները ստիպված զանգվածաբար լքել են հանրապետության տարածքը և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացի: