Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին: 24news-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը:
Շահրամանյանը նշել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չեն ուզում թողնել հարազատների գերեզմանները։
Սեպտեմբերյան հարձակումից հետո մնացածների թիվը մի փոքր ավելի մեծ էր (տարբեր աղբյուրներ հայտնում էին 50-ի մասին), բայց նրանց մեծ մասը հեռացավ Կարմիր խաչի միջոցով:
Պատասխանելով հարցին, թե գերիների հետ շփում կա, Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին:
Շահրամանյանը նշել է, որ այս պահին, այսպես կոչված, դատական գործընթացի հստակ ժամկետ չկա:
Անդրադառնալով հայտարարված, այսպես կոչված, «Հարցազրույցի» թեմային՝ Շահրամանյանը նշել , որ այն արվել է հարկադրանքի ներքո:
Արցախի նախագահը, իր հերթին, Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով․
«Ես պահանջում եմ նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել, ինչպես նաև ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին, կամայականորեն ձերբակալված, անհիմն բանտարկված և անհիմն մեղադրանքների զոհերին: Եվ ես խնդրում եմ Ֆրանսիային ճնշում գործադրել Ալիևի վրա», - ասել է նա։
Անդրադառնալով խոսակցություններին, թե կապ կա՞ Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև, Շահրամանյանը հերքել է դա՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում․
«Ակնհայտ էր, որ մեզ թուլացնելու համար ինն ամիս տևած շրջափակումից հետո նրանք պատրաստվում էին հարձակվել», - ասել է նա:
Անդրադառնալով պետության «լուծարման» թեմային և դրանից հետո այդ «փաստաթղթի» չեղարկման մասին հրամանագրին՝ Շահրամանյանը հայտարարել է․
«Սեպտեմբերի 19-ին՝ ագրեսիայի հենց սկզբից, մենք հասկանում էինք, որ մենակ ենք լինելու մեր պաշտպանությունում, և որ նույնիսկ տեղում ներկա ռուսները չեն միջամտելու։ Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։
Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի: Բաքուն մեզ փաստաթուղթ էր ուղարկել, որտեղ Ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ «Արցախի ժողովուրդը հրաժարվում է իր իրավունքներից, իր ինքնիշխանությունից, իր խորհրդանիշներից»։
Բայց որպեսզի այդ փաստաթուղթը վավեր լինի, խորհրդարանը պետք է քվեարկեր։ Ես հակընդդեմ առաջարկ եմ արել, որ նախագահը, այսինքն՝ ես, հունվարի 1-ին հայտարարի Արցախի լուծարման մասին․
«Դա համեմատաբար անվտանգ տարհանման երաշխիք էր։ Ես շատ լավ գիտեի, որ այդ փաստաթուղթը եղել է անօրինական և հակասահմանադրական, քանի որ այն պետք է վավերացվեր Արցախի Հանրապետության օրինական կառույցների կողմից, բայց դա միակ միջոցն էր, որով կարող էի փրկել իմ հայրենակիցներին»- ասել է Շահրամանյանը։
Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․
«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել ԵՄ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։
Պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Շահրամանյանն ասել է․
«Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում ։ Բաքվում երիտասարդ ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուսների նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- եզրափակել է նա։