ՀՀ-ն հրաժարվել է միանալ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների դատապարտող համատեղ հայտարարությանը
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Մենք՝ ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, վճռականորեն դատապարտում ենք 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ բազմաթիվ զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։
Mediahub-ը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն արդյոք միացե՞լ է այս հայտարարությանը, ինչին ի պատասխան՝ Ղուլյանն ասաց․ «Չի միացել։ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում»։
Հարցին՝ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղե՞լ է հայկական կողմին, ԱԺ նախագահի խոսնակն ասաց․ «Այո, առաջարկ եղել է, մենք մերժել ենք»։
Հիշեցնենք, որ ահաբեկչության օրը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել էր. «Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը:
Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ: Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»: