24.11.2024
«Հարավկովկասյան երկաթուղին» «ՌՈւՍԱԼ Արմենալի» սարքավորումները դուրս տանելու հայտ չի ստացել
prev Նախորդ նորություն

Որոնք են հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղությունները

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աննախադեպ աճը:


Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, եւ այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ:


«Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության եւ գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաեւ լոգիստիկ եւ փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարեւորել է Հակոբ Արշակյանը:


Ալի Ալ-Նուայիմիին իր հերթին նշել է, որ հունվարին Հայաստան կատարած այցից հետո ԱՄԷ-ն հետաքրքրություն է հայտնել Ակադեմիական եւ Ինժեներական քաղաքների շրջանակներում համագործակցության ընդլայնման եւ փոխայցերի հնարավորության վերաբերյալ:


ՀՀ եւ ԱՄԷ պատվիրակներն արձանագրել են՝ կգործադրեն հավելյալ ջանքեր, որ հայ-էմիրաթական համագործակցության հաջողության պատմությունները միայն ավելանան:


Հայկական պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի հայ-էմիրաթական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:


ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Հասմիկ Հակոբյանը: